ԿարևորՄիջազգային

Սաակաշվիլին Պուտինին լիլիպուտ անվանեց․ Գորիում 2008-ի պատերազմի մասին

Գիտա էլիբեկյան
«Ռադիոլուր»

Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին: 11 տարի առաջ այս օրը սկսվեց Հարավային Օսիայի շուրջ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է որպես «օգոստոսյան պատերազմ»։ Կարճատև՝ հնգօրյա պատերազմը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց, տասնյակ հազարավոր քաղաքացիների փախստական դարձրեց։

Մեր թղթակիցը եղել է Գորիում՝ Ցխինվալիի սահմանակից վրացական քաղաքում, որտեղ ռուսական տանկերն ու զորքն էր հասել՝մի քանի օր շարունակ ռմբակոծությունների տակ  պահելով այն։

Ուղիղ 11 տարի առաջ այս օրերին Թբիլիիից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գորի քաղաքի գլխավոր հրապարակում՝ այն ժամանակ դեռ կանգուն Իոսիֆ Ստալինի արձանի կողքին ընկավ առաջին հրետանային արկը։ Ռուբեն Մայիսուրաձեն այդ օրը ընկերների հետ մոտակա այգում նարդի էր խաղում, բեկորներն իրեն էլ վիրավորեցին․ «Այ այստեղ նստած էինք.. փրկվեցինք: Ապակիներ, փշուրներ էին թափվում․ փամփուշտներ էին տեղում: Նստած տարբեր աստիճանի վնասվածքներ ստացա, երեք ամիս բուժվում էի»:

Պատմում է Ռուբենը՝ այդ ամենում մեղադրելով երկրի այն ժամանակվա իշխանություններին․ «Մերոնք էին մեղավորը։ Սաակաշվիլին Պուտինին լիլիպուտ անվանեց, նա էլ ցույց տվեց, թե ինչքան փոքր է»։

Օգոստոսյան պատերազմից 11 տարի անց Գորին գրեթե վերականգնված է, սակայն մարդկանց հիշողություններից անջնջելի են սարսափելի իրադարձությունները։

Գորիիում հայեր ևս ապրում են․թեև այժմ նրանց թիվը պակասել է։ Հայկական թաղամասում նույնպես այդ օրերին գրեթե միայն ծերերն էին մնացել։ Մանուշակ Ստեփանյանը հիշում է՝ ռուսական տանկերն ու զորքերը անցնում էին տան կողքի կամրջով՝ լռության մեջ պահելով երբեմնի աղմկոտ, ուրախ թաղամասը․

«Տղաս երեխաներին վերցրեց, գնաց Թիֆլիս։ Ես մնացի․ իմ քրտինքով սարքած տունս չէի թողնի։ Հարևաններից ով մնացել էր, իմ մոտ էին հավաքվում»։

Օգոստոսյան պատերազմից տարիներ անց դեռ միջազգային հանրությունն ու վրացական կողմը կոչ են անում ՌԴ-ին կատարել 2008-ի օգոստոսի 12-ին ստորագրված կրակի դադարեցման մասին համաձայնագրի բոլոր կետերը, դուրս բերել զորքերը վրացական տարածքներից։

Պատերազմից 11 տարի անց Վրաստանում դեռ շարունակվում են քննարկումները՝ ով էր պատերազմ հրահրողը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակավիլին, ինչպես պնդում է երկրի ներկայիս նախագահը, թե Ռուսաստանը։

Օգոստոսյան հնգօրյա պատերազմի արդյունքում ՌԴ-ը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունն ու այդ տարածքներում ամրապնդել ռազմական ներկայությունը։ 

Back to top button