ԿարևորՀասարակություն

Հայաստանի եւ Արցախի միջեւ ռոումինգը կվերանա՞

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է, որ կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Ավելի վաղ այս մասին գրառում էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  նշելով, որ 2020 թվականի հունվարի 1-ից դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, իսկ  Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով:

Հայաստանի ու Արցախի ռոումինգ ծառայություների բարձր սակագների   մասին  խոսվում է  տարիներ շարունակ:  Այս  ընթացում  սակագները  նվազել են  միայն  2016-ի ապրիլյան  քառօրյայի  օրերին:

Այսօր պարզ դարձավ, որ  2020 թվականի հունվարի 1-ից կնվազեցվեն  Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի  ծառայությունների սակագները:

Նվազեցումը կկատարվի  2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը՝  կիսամյականին   պարբերականությամբ:  Սա երկու պետություների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է: Այս մասին տեղեկացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՖԲ իր էջում:  

Ի՞նչու է այսքան տարիներ Հայաստանի ու Արցախի բնակչությունը թանկ  վճարել խոսելու համար, ովքե՞ր չեն ցանկացել բանակցել  օպերատորների հետ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը  լրագրողներին   հորդորում է հարցերի սլաքներն  այլ  կողմ ուղղել:

Բայց և նշում  է, որ նախկինում քաղաքական կամք դրսևորել են ու փորձել են բանակցել օպերատորների հետ, բայց այդ կամքը փոխադարձ չի եղել:

«Մենք այս պահին բանակցել են Արցախում կապի ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերության հետ, Հայաստանում կապի օպերատորների հետ։ Արդյունքում բացի այն, որ նվազելու են ռոումինգ ծառայության գները, այլև փոխկապակցման գներն են հաստատուն գրաֆիկով նվազելու՝ յուրաքանչյուր տարի մեկ դրամով»:

Այսպիսով,  հաջորդ տարեսկզբից ելքային զանգերի սակագինը 38 դրամից կդառնա  29 դրամ, իսկ  2021 թվականի հունվարից  կնվազի՝ հասնելով 27 դրամի։

«Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչև 15, այնուհետև՝ 13 դրամ։ Էական նվազեցումներ կլինեն ինտերնետի սակագների հարցում. գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոդովի նախագահը  դժվարանում  է պատասխանել, արդյո՞ք ռոումիգը կվերանա  ընդհարապես:

«Հասնելու ենք նրան, որ լինի վերջնական միասնական գին»,- նշում է պաշտոնյան։

Բաղրամյանը տեղեկացրեց, որ առաջիկայում բանակցությունները շարունակվելու են,  և հուշագրի ստորագրման ժամանակ հայտնի    կդառնա, թե երբ կունենանք միասնական գին։

Back to top button