ԿարևորՀասարակություն

Թեթև պայուսա՞կ, թե՞ ֆինանսական նոր բեռ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Նոր ուսումնական տարին նոր դասագրքերով. 2 հատորից կազմված դասագրքերի նպատակը դպրոցական պայուսակի բեռնաթափումն է: Նախարարությունում աշխատում են նաև դասագրքերի բովանդակային փոփոխությունների վրա, բայց դրա արդյունքն ավելի ուշ կտեսնենք:

Վերանայվելու են նաև բոլոր առարկաներն ու դրանց ծրագրերը, այդ թվում՝  հայագիտական: Փորձագետներն այս փոփոխություններին ոչ միանշանակ են վերաբերվում: Փոփոխություններն անհրաժեշտ են, բայց ոչ պակաս կարևոր են դրանց ճիշտ հաշվարկներն ու մասնագիտական մոտեցումները:

Դպրոցական պայուսակների թեթևացման հայտարարված քաղաքականության շրջանակում նոր ուսումնական տարում մի շարք դասագրքեր լինելու են երկու հատորով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ից 48 անուն դասագիրք կունենա երկու հատոր: Բոլոր դասարաններում կան վերանայված դասագրքեր:

Այն դասագրքերը, որոնց վերահրատարակման ժամկետը լրացել է, որոշվել է բաժանել երկու մասի: Արդյունքում՝  դասագրքերի քաշը կթեթևանա, և երեխաները ստիպված չեն լինի ծանր պայուսակներով դպրոց գնալ: Նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ դասագրքերը երկու մասի բաժանելը մեխանիկական չի եղել: Բաժանելուց առաջ հարցը քննարկվել է հրատարակիչների, հեղինակների հետ:

Դասագրքի վերջում առկա ցանկը, պատասխանները, հավելվածները պահպանվելու են երկու հատորներում էլ: Բուն դասագրքերի բովանդակության մեջ փոփոխություններ չեն եղել, դրանք որակական առումով չեն տուժել:

«Առաջին կիսամյակի դասագիրք, երկրորդ կիսամյակի դասագիրք: Երկրորդ մասը, որն իրեն առայժմ պետք չէ, կմնա տանը, իսկ առաջին մասը կտանի դպրոց»:

Աշոտ Արշակյանը հայտնեց, որ ներկայում նախարարությունում նաև դասագրքերի բովանդակային փոփոխությունների մեծ ծրագիր է քննարկվում: Պարզվում է՝ ոչ միայն դասագրքերը, այլև առարկաները նույնպես վերանայման ու բեռնաթափման կարիք ունեն: Նախարար Արայիկ Հարությունյանը մեկ անգամ չէ, որ խոսել է դրա մասին:  Մինչև 2023 թվականը Հայաստանի հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ նոր առարկայացանկ կունենան:        

«Կան բազմաթիվ բողոքներ՝ ծանրաբեռնվածության, ծրագրերի անհամապատասխանության, տարբեր առարկաներում նույնաբովանդակ նյութերի մատուցման հետ կապված: Ծնողները շատ են բողոքում, որ իրենց երեխաները ծանրաբեռնված են»:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն, իհարկե դասագրքերի և առարկաների թեթևացմանը կողմ է: Այլ հարց է, թե ինչպես և ինչ հաշվարկներով է այս փոփոխությունն իրականացվում:

«Իսկապես դասագրքերը պետք է փոփոխության ենթարկվեն: Բայց ինչպես ենք դա անելու: Դա է խնդիրը: Ուսումնական պլանով նախատեսված յուրաքանչյուր առարկա ունի նպատակ: Այդ գիտելիքների ծավալը ոչ նախարարը պետք է որոշի, ոչ էլ փորձագետը: Պետք է գիտական մի առանձին հիմնարկ լինի՝ գիտահետազոտական, մանկավարժական, որը որոշի, որ այս ժամանակաշրջանում, այս տարիքի երեխան  այսքան կարող է ընկալել, հետևաբար՝ ծավալը պետք է լինի այդքան»:

Փաստն այն է, որ փոփոխություններն արդեն կատարված են և նոր ուսումնական տարվանից երկհատորանի դասագրքերով ենք դպրոց գնալու: Անահիտ Բախշյանը սա ժամանակավոր լուծում է համարում:
Դասագրքերի արդյունավետությունն իհարկե ժամանակը ցույց կտա: Իսկ այ առարկայական փոփոխություններին  շատ կարճ ժամանակ է մնացել ու փորձագետը խիստ կասկածներ ունի, որ ժամկետների մեջ կտեղավորվեն:  Անահիտ Բախշյանը չի պատկերացնում, թե ինչպես պետք է նոր պետական չափորոշչին համապատասխան ծրագիր մշակեն, եթե այդ ծրագրի վրա աշխատող հանձնախմբերը մինչև հիմա չեն էլ ձևավորվել: Մրցույթն էլ դեռ նոր են անցկացնելու:

Back to top button