ԿարևորՎերլուծական

«Արցախը Հայաստան է եւ վերջ» բանաձևում բացառվում է պարտվողականությունը. քաղաքագետ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ  նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում Հայաստանի վարչապետը մի շարք առանցքային հայտարարություններ է արել: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «համահայկականության տրամաբանությունը», որի համար, նրա խոսքով, անհրաժեշտ է հենվել «համահայկական մի քանի առանցքային կոնսենսուսների՝ համաձայնությունների վրա»։ Քննարկումների առանցքում նաև  Արցախյան խնդրով Փաշինյանի շեշտադրումներն են:

Հակասական՝ այսպես է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա կարծիքով՝ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝  «Արցախը Հայաստան է,  և վերջ» ձևակերպումը տարակուսանք է առաջացնում Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղանի շուրջ բերելու տեսլականի ֆոնին:

Մի կողմից ՝ ասում է, թե լիազորված չէ խոսել Արցախի անունից, մյուս կողմից՝ հայտարարում է, որ Արցախը Հայաստան է՝  նկատում է քաղաքագետը.

 «Ես կարծում եմ , որ հենց այստեղ է հակասականությունը: Նա ասում է արցախաբնակ քաղաքացիներ և այլն, իսկ միջազգային հարթակներում ասում է, որ լիազորված չէ խոսել Արցախի անունից: Այդպիսով ավելի է պոկում Արցախը ՀՀ-ից: Իսկ ինչ է նշանակում Արցախի ինքնիշխանություն, դա նշանակում է Արցախի անկախություն: Ստեփանակերտի ռեժիմը իր ձևով է օգտագործում դա: Մտածում են` անկախ լինենք, հասնենք միջազգային ճանաչման, ինչը երբեք չի լինելու և դրանից հեոտ գնան միացման»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթը Արցախի միջազգային ճանաչման ուղով գնալու երազանքն իրականացնելու ու նաև մասնական լինելու մասին էր:

 «Արցախի ընտրած ուղին անշրջելի է, և  անկախ այս կամ այն իրադարձությունից ՝մենք գնալու ենք առաջադրանքների ու երազանքների իրագործմանն ընդառաջ, մենք հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու՝ Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք»:

ՀՀ վարչապետի հայտնի հայտարարությունը այսպես հնչեց. «Հիմա ձեզնից շատերը հարցնում են, ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»:

Պաշտոնական Բաքուն այս հայտարարությունը սադրիչ է որակել:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի արձագանքը ագրեսիվ է: Մոռանալով Ալիևի ռազմատենչ հայտարարությունների տարափը՝ Հաջիևը շտապել է նկատել,  թե իր ձևակերպմամբ «սադրիչ» կոչերով Հայաստանի ղեկավարությունը տարածաշրջանը դնում է լուրջ ճգնաժամի եզրին:  Նա կրկնել է Ալիևի հայտնի ձևակերպումները,  թե Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը:  «Հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի վրա»,-ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գերազանց է որակում:  «Արցախը Հայաստան է» արտահայտությունը նա սիմվոլիկ է համարում, հիացած է ՀՀ ինքնիշխանությունը աճուրդի չհանելու վարչապետի մոտեցմամբ:

«Այստեղ կոնցեպտի հստակեցում կա, բյուրեղացում: Դրանից ավելի ինչ եք ուզում: Հստակ հայտարարեց,  որ սա Հայաստան է և վերջ: Պարտվողականությունը,  հայրենիքը աճուրդի հանելը խաղերը այս բանաձևում  բացառվում են»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը չնայած քննադատությանը, մի կարևոր շեշտադում առանձնացրեց վարչապետ Փաշինյանի ելույթից, այն, որ չի ընդունի արտաքին ներգործությունը:

Back to top button