Հասարակություն

Ինտելեկտուալ այլընտրանք համակարգիչներին. հայ մասնագետների առաջարկը


Ինչպես երեխային կտրել համակարգչից, զերծ պահել համացանցային անպիտան տեղեկատվությունից, թույլ չտալ կախվածություն տեխնիկայից ու միաժամանակ նպաստել նրա ինտելեկտուալ զարգացմանը:

Մասնագետներն առաջարկում են արդյունավետ ինտելեկտուալ այլընտրանք: Իսկ հայ մասնագետները այդ այլընտրանքի հայերեն գրագետ տարբերակն են մշակել:

Հեռախոսներն ու պլանշետները գնալով ավելի շատ են դառնում մեր երեխաների զբաղմունքի առարկա` փոխարինելով իրական շփումներին ու ինտելեկտուալ խաղերին. իր մտահոգությունն է հայտնում հոգեբան Մարի Ամիրխանյանը:

Հայ ընտանիքներում նման իրավիճակ գնալով ավելի շատ է նկատում:  Ծնողները հոգնած են կամ զբաղված: Երեխային զբաղմունք է պետք, ու դրանով նրան ապահովում են: Սակայն այլ խնդիր է, թե տեխնիկական տարբեր միջոցներով ինչ բովանդակություն է հասնում երեխային` ասում է հոգեբանը:

Զրուցակիցս ութնամյա Մհերն է: Լուրջ դեմքով ու լուրջ դատողություններով խոսում է պլանշետով իր զբաղմունքի մասին: Լիքը խաղեր, մեկ-մեկ` ինչ-որ վիդեոներ: Պլանշետից չի հոգնում, ասում է, բայց շտապում ինքն իրեն ուղղել` մի քիչ է հոգնում:

Ծնողները մեկ-մեկ հետեւում են` ինչով է զբաղվում ինքը ինտերնետում` պատմում է Մհերը, բայց նաեւ հպարտանում` հասցրել է պլանշետով որոշ բաներ սովորել:

Հաջորդ հարցս միանգամից ուղղում եմ Մհերի հորը` 5 երեխաների հայր Թեւան Պողոսյանին: Բավարարո”ւմ է արդյոք նրան այն համակարգչային բովանդակությունը, որն ամեն օր հասանելի է դառնում մեր երեխաներին` հետաքրքրվում եմ: Պարզվում է` ոչ: Երեխաներին հասնող ինֆորմացիան շարունակ խմբագրման, ուղղորդման կարիք ունի:

Համակարգչից, հեռախոսներից ու պլանշետից երեխաներին կտրելը միայն այլընտրանքային տարբերակի հաշվին պետք է լինի, ու դրա լավագույն տարբերակներից են ինտելեկտուալ խաղերը: Ճիշտ ուղղորդման դեպքում այս խաղերի ժամանակ երեխան գործի է դնում իր բոլոր զգայարանները, ինչու ոչ` նաեւ օգտվում տեխնիկայից` անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելով:

Թեւան Պողոսյանի այս համոզմունքը կիսում է նաեւ ինտելեկտուալ խաղերի համահեղինակ Հայկ Մկրտչյանը: Խաղային կրթության շուկայի առումով Հայաստանը զիջում է զարգացած երկրներին: Հայերենով կազմված, գրագետ ինտելեկտուալ խաղերի պակասը զրուցակիցս փորձել է լրացնել: Մանկավարժների, լոգոպեդների, հոգեբանների կարծիքն է հարցրել ու մշակել խաղեր: Դրանք անվանել լրիվ հայկական մտածողությամբ` «երեք ույու չորս», «դե խաղա պստո» եւ այսպես:

Հոգեբան Մարի Ամիրխանյանը նույնպես մանկական ինտելեկտուալ խաղերի հետ երեխաների զարգացման հույսեր է կապում: Դրանք սովորեցնում են թիմային մտածողություն, կանոնների ենթարկվել ու պարտությանը պատրաստ լինել:

Եւ որ պակաս կարեւոր չէ` խաղերի միջոցով ծնողը կարողանում է ճանաչել սեփական  երեխային` հմտությունները, մտածողությունը, գաղտնիքները, որոնց մասին հաճախ երեխան լռում է: Ի դեպ` հայկական ինտելեկտուալ նոր խաղերը կրթության ազգային ինստիտուտը դիտարկում է որպես ուսումնաօժանդակ նյութեր:

Back to top button