Մշակույթ

Նորի որոնումներով, նորի լավագույն մեկնաբանություններով` Հայկ Մելիքյան


Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 22-ին կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը:

Համերգն անցնում էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի մշակութային միջոցառումների շրջանակում և նվիրված էր ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Օլիվիե Մեսիանի ծննդյան 110-ամյակին:

Տաղանդաշատ արվեստագետի հետ Ալիսա Գևորգյանը զրուցել է ոչ միայն համերգի շուրջ, այլև նրա անցած ճանապարհի ու ապագայի ծրագրերի մասին:

 

20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում 2000 թվականին Հռոմում տեղի ունեցավ նրա առաջին բեմելը: Երևանում ծնված ու երևանյան կոնսերվատորիան ավարտած տաղանդաշատ դաշնակահարի կատարումները թողարկվել են սոլո ալբոմներով, ինչպես նաև հավաքածուներում։ Հայ և արտասահմանյան բազմաթիվ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար։

«Միշտ որոնումների մեջ եմ և ինձ միշտ հետաքրքում է նորը»,-դաշնակահար Հայկ Մելիքյանն այսպես է մեկնաբանում սերը ժամանակակիցների հանդեպ: Նրան հաճախ անվանում են հեղափոխական. հեղափոխական էր նաև Հայկ Մելիքյանի ՝ օրերս կայացած երևանյան մենահամերգը:

Ինչպես նրա բոլոր համերգներին, երևանյան մենահամերգին ևս դահլիճում մեծ թիվ էին կազմում երիտասարդները: «Հաճախ են ասում, թե դասական համերգներին ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները քիչ են լսում, երիտասարդներին դրանք չեն հետաքրքրում: Ես վստահեցնում եմ՝ ճիշտ չէ դա: Երիտասարդները գալիս են, լսում են և հետաքրքրված են ժամանակակիցներով, որովհետև նրանք միշտ փնտրում են նորը»,-ասում է Հայկ Մելիքյանը:

Նորի որոնումներով, նորի լավագույն մեկնաբանություններով նա եղել տարբեր երկրներում, հանդես եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմահարթակներում, բայց ճանապարհը միշտ տուն է բերում՝ Հայաստան, որի ապագայի հանդեպ լի է լավատեսությամբ.
«Ես միշտ կլինեմ Հյասատանում»:

Հյուրախաղերի խիստ հագեցած օրակարգ՝ հյուրախաղային քարտեզի բազմազանությամբ: Տաղանդաշատ դաշնակահարն առաջ է շարժվում ապավինելով սեփական դավանանքին ու որդեգրած կարգախոսին, այն է՝ հավատալ սեփական ուժերին և այդ հավատով առաջ շարժվել:

Հայկ Մելիքյանի արմատները տանում են դեպի Արցախ, մայրական կողմից պապիկը հայտնի բանաստեղծ , գրականագետ Սոկրատ Խանյանն է: Չի բացառում, որ իր հաջողությունների գաղնիքը նաև արցախյան կողմից սնուցվող երակին բնորոշ համառությունն է:

Back to top button