ԿարևորՀասարակություն

«Մեղսի», «էքստղաօրդինէղ». Ֆրանկոֆոնիայի «կուլիսային» կադրերը

Ֆրանկոֆոնիայի պաշտոնական, հանդիսավոր մասից թերեւս ոչ պակաս կարեւոր են Հայաստանում 84 երկրի առաջին դեմքերի ոչ պաշտոնական հանդիպումները, այցերը, շփումները:

Աշխարհի լրատվամիջոցները Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի մասին գրում ու պատկեր են փոխանցում` մեծապես հիմնվելով «լայվերով» փոխանցված տպավորությունների ու սելֆիների վրա, չափելով ձեռքսեղմումների ու գրկախառնությունների տեւողությունը՝ դրանով բացատրելով, թե որքան ավելի բարեկամական են տվյալ երկրների միջեւ հարաբերությունները:

 

Հայկական տոնախմբություններից գրեթե անպակաս խորովածի մատուցման մեղեդին է, բայց այս անգամ հնչում է խիստ անսովոր միջավայրում՝ վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցներին տրված պետական ընթրիքի ժամանակ ու ստիպում աշխարհի առաջին դեմքերին ձեռքերը վեր բարձրացնել՝ պարի համար:

Պարում են Մակրոնը՝ տիկնոջ հետ, Ջասթին Թրյուդոն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը եւ արքայազն Ալբերտը, Չադի նախագահ Իդրիս Դիբին եւ ոչ միայն: Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հանդիսավոր մասից ոչ պակաս կարեւոր են անձնական շփումները, սելֆիները, «լայվերը», ձեռքսեղմումներն ու գրկախառնությունները:

Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարները պարել են հայկական երաժշտության ներքո

Հայկական ելեւեջներն ու ազգային նվագարանները գրավում են հյուրերին, հայկական շուրջպարի մեջ առնում: Տանտերերն էլ են պարում՝ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Անմիջական մթնոլորտը փորձ է արվել պահել ամեն առումով. նույնիսկ այդ սկզբունքով է ընտրվել պաշտոնական ընթրիքի վայրը: Ու համացանցը շարունակում է հեղեղվել սելֆիներով:


«Մեր լավ ընկերների հետ». մասնավորապես գրում է Փաշինյանն ու սելֆիներ հրապարակում Մակրոնի, Թրյուդոյի եւ այլ հյուրերի հետ: Տեսանյութերի ու ֆոտոների սղություն մամուլն էլ չունի: Համացանցում դիտումների քանակը րոպե առ րոպե է ավելանում: Միջազգային հանրությունն էլ այդպիսով իրադարձություններից ետ չի մնում: Միջազգայնագետներն էլ սկսում են դատողություններ անել ըստ այդմ, թե ով ում ձեռքն ավելի երկար սեղմեց, ում հետ գրկախառնությունն ավելի երկար տեւեց:

Հասցնում է դիտել անգամ, թե ինչպես Մակրոնի կինը գնումներ կատարեց Վերնիսաժում, ու ինչպես հայ կինը համբուրեց նրա թիկնապահին՝ վերջինիս շփոթելով ոչ ավելի, ոչ պակաս հենց Մակրոնի հետ:

Սա արդեն Ֆրանսիայի առաջին տիկնոջ խոսքն է Կասկադում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարան այցից հետո: Թարգմանության կարիք առանձնապես չկա, քանի որ խոսքում հնչող «բոնջուղ»-ը, «մեղսի»-ն ու «էքստղաօրդինէղ»-ն արդեն փոխանցում են Բրիջիտ Մակրոնի տպավորությունները Հայաստանից:

Տիկին Մակրոնի կարծիքը շտապում է հաստատել պարոն Մակրոնն էլ. «շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ»՝ հայտարարում է: Չադի նախագահ Իդրիս Դիբին հայկական երաժշտական ռիթմերն են շատ մոտիկ թվում: Իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ժպիտն էլ չի պակասում նույնիսկ այն պահին, երբ Վազգեն Սարգսյան փողոցում այս ու այն կողմ գնալով՝ փորձում է կողմնորոշվել՝ որն ու որտեղ է իրեն սպասարկող ավտոբուսը:

Առաջին տիկնայք էլ հասցնում են թանգարաններով շրջել՝ Գաֆեսճեան, Փարաջանովի տուն-թանգարան, ծանոթանալ հայկականին, լսել հայկականը, համտեսել հայկականը, գնել հայկականը: Իրենց տպավորություններով կիսվելիս շռայլում են գովեստի խոսքեր՝ վստահությամբ՝ Հայաստանից մեկնելու են արդեն բարեկամացած:

Back to top button