Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

«Ցավով տեղեկացա արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Արցախյան ազատամարտում իրեն դրսևորեց իբրև հայրենիքի անձնուրաց նվիրյալ՝ արժանանալով Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների։

Այսօր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կառուցում են հասարակական համերաշխություն, մենք պետք է թոթափենք հինը, թոթափենք այն անցյալը, որտեղ հնարավոր էր Արայիկ Խանդոյանի հրաժարումը մարտական պարգևներից։ Մենք որպես սեփական իշխանությունը վերադարձրած ժողովուրդ համախմբվում ենք նորովի`սիրո և համերաշխության շուրջ։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

«Միայնակ Գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից։

Նա կալանավորվել էր 2016 թվականի ամռանը «Սասնա Ծռեր» խմբի՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Գնդի գրավման ընթացքում երեք ոստիկան է մահացել:

Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխվեց հեղափոխությունից հետո, ազատության մեջ ազատամարտիկը հասցրեց ապրել 2,5 ամիս:

Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա: Որպես ղարաբաղյան պատերազմի մասնակից՝ արժանացել է պարգևների և մարտական մեդալների, սակայն, ի նշան իշխանությունների դեմ իր բողոքի, 2015 հրաժարվել էր դրանցից:

Back to top button