Քաղաքական

Վրաստանը միջնորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. հավակնոտ հայտարարությո՞ւն, թե՞ հեռանկարային առաջարկ


Վրաստանը ոչ մի դեպքում չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ չունի նման հնարավորություն։

Մեկնաբանելով Վրաստանի նախագահի խորհրդականի այդ մասին արված հայտարարությունը, ասում են վրացի փորձագետները՝ նշելով, որ Վրաստանը կարող է միայն հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար։

Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Փխալաձեն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Վրաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինել չի կարող, քանի որ չունի բավարար ուժ ու քաղաքական կշիռ։ Խոսելով քննարկման թեմա դարձած նախագահի խորհրդականի հայտարարության մասին, հիմնականում նման կարծիք են հայտնում վրացի փորձագետները:

Քաղաքական հարցերով փորձագետ Գելա Վասաձեն նշում է, որ միջնորդը հանդիսանում է համաձայնությունների կատարման երաշխավոր, ինչի ապահովման համար Վրաստանը չունի բավարար ուժ։ Բայց ըստ նրա, Վրաստանը կարող է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների համար առանց միջնորդների։

Մեկ այլ փորձագետ Գիա Խուխիշվիլին նշում է, որ, իսկապես Վրաստանը լավ հարաբերություններ ունի երկու հարևան երկրների հետ, որը կարելի է օգտագործել խաղաղության հաստատման համար, սակայն այս պահին ըստ նրա`

«Շատ  հավակնոտ հայտարարություն է։ Միջնորդական առաքելությամբ զբաղվելու համար պետք է ունենալ հենման կետեր, որոնք այսօր դեռևս բացակայում են։ Վրաստանը, ցավոք դեռևս պատճառներ ու հիմքեր չունի նման պարտավորություն ստանձնելու համար»։


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդական Թենգիզ Փխալաձեն իր հայտարարությունը մեկնաբանել է՝ ընդգծելով․ «հաշվի առնելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ  ունեցած հրաշալի հարաբերությունները՝ Վրաստանը կարող է առաջարկել երկու երկրների միջև միջնորդության նման ձևաչափ»։

Նա նաև նշել է, որ «սա մեր տարածաշրջանն է, և մենք պետք է մեր խնդիրներն ինքնուրույն լուծենք: Թբիլիսին միշտ պատրաստ է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատման համար»։

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության վերլուծաբան Ռամազ Կոյավան անդրադառնալով հարցին, նշում է․

«Վրացական դիվանագիտությունը հպարտանում է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ փորձելով այժմ ակտիվ դերակատարություն ունենալ, սակայն պետք է հաշվի առնել, որ Վրաստանը չի կարող հայ-ադրբեջանական  հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ մեծ գործ անել։  Միակ բանն այս պահին այն է, որ կարող է բանակցությունների անցկացման համար հարթակ տրամադրել»։

Կոյավայի խոսքով, պաշտոնական Թբիլիսին չի կարող այս հարցում ինչ որ ձևաչափ առաջարկել ու առաջնորդի դեր ստանձնել, որովհետև դա արդեն անում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։  Ըստ նրա, լավ է որ վրացական կողմը հանդես է գալիս նման պատրաստակամությամբ, սակայն դա անելու որևէ հնարավորություն չունի։

Վրացի փորձագետները բացի այդ հաշվի են առնում այն հանգամանքը, որ Վրաստանի գործող նախագահն իր պաշտոնավարումն ավարտելու է հոկտեմբերին։

Back to top button