Քաղաքական

Ակտիվ քաղաքականությամբ չզբաղվող ո՞ր ուժերն են առաջադրվել եւ ինչո՞ւ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 8 կուսակցություն, 4 դաշինք: Նրանցից որոշները քաղաքական դաշտում մշտապես ակտիվ են եղել եւ հանրությանը հայտնի են:

Որոշ կուսակցություններ, սակայն, ակտիվությամբ աչքի չեն ընկել եւ հիմա փորձում են այդ բացը լրացնել՝ մասնակցելով Երեւանի ավագանիում տեղեր զբաղեցնելու մրցապայքարին:

Քաղաքական դաշտում մշտապես ակտիվություն ցուցաբերած ուժերին առիթներ ունեցել եւ դեռ ունենալու ենք  անդրադառնալու, եւ հենց դրանից ելնելով «Ռադիոլուր»-ն այսօր որոշել է ներկայացնել հանրությանը քիչ հայտնի ուժերին, որոնք մտել են մայրաքաղաքի ղեկավարման իրավունք ստանալու համար պայքարի մեջ:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» հայկազուններ կուսակցությունը նոր անուններից մեկն է: «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Գեւորգ Հովսեփյանն ասաց, որ իրենք այնքան էլ անհայտ չեն: Գործում են 1991 թվականից եւ տարբեր ժամանակներում տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել:

Զրուցակիցս կարծիք հայտնեց, որ երեւանցին ընտրությունների պետք է գնա ոչ թե ընտրելու այս կամ այն կուսակցությունը կամ անհատին, այլ՝ գնա ընտրելու իր կյանքը, թե՝ ինչպիսի կյանք է ինքը պատկերացնում:

Այդ պատկերացումներն ու ծրագրերն էլ իրենք նոր չէ, որ ունեն: Իրենց համար մի բան հստակ է, որ ընտրվելու դեպքում քաղաքը կառավարելու են ոչ թե չինովնիկների, այլ՝ մասնագետների միջոցով:

«Հայք» կուսակցությունը կոնկրետ ուղղություններով իր մշակած ծրագրերը եւ   ունեցած առաջարկները մանրամասնորեն կներկայացնի հանրությանը, երբ սեպտեմբերի 10-ից մեկնարկի նախընտրական քարոզարշավը՝ ասաց Գեւորգ Հովսեփյանը: Նույն օրը ծրագիրը պաշտոնապես կհրապարակի նաեւ «Ռեֆորմիստների» կուսակցությունը: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը: Այս կուսակցությունը ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն, դա կուսակցությունում խնդիր չեն համարում:

Երբ ներկայացնեն արդեն իրենց ծրագրերը, ընտրողները որոշակի հստակ կարծիք կկազմեն՝ հավելեց Գրետա Հովհաննիսյանը:

Հանրությանը քիչ ծանոթ քաղաքական ուժերից մեկն էլ, որ մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին Ժողովրդավարական ուղի կուսակցությունն է: Թեպետ այս կուսակցությունն ընտրություններին մասնակցելու որոշակի փորձ ունի՝ ավելի քան մեկ տասնամյա վաղեմությամբ:

ԺՈՒԿ-ի ներկայացուցիչներից Արթուր Գասպարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ ծրագրային լայն սպեկտր ունեն, որ առաջիկայում կներկայացնեն:

Կուսակցությունը հիմնադրել է նախկին ընդդիմադիր պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Վերջինի մահվանից հետո կուսակցության նախագահ է ընտրվել նրա որդին՝ Մանուել Գասպարյանը:

Նա էլ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գլխավորում է կուսակցության ընտրական ցուցակը:

Back to top button