Հասարակություն

Նոր ուսումնական տարին՝ համակարգային մի շարք փոփոխություններով

Հայաստանում 2018-2019 ուսումնական տարվա առաջին օրն իր դռներն է բացելու ավելի քան 1400 դպրոց: Թե ընդհանուր առմամբ այս ուսումնական տարում հայաստանյան դպրոցներում քանի աշակերտ կրթության կստանա, պարզ կլինի միայն սեպտեմբերի 5-ից հետո:

Նախնական տվյալներով՝ առաջին դասարան կգնան շուրջ 39 000 աշակերտներ: Այս ուսումնական տարին, ի դեպ, համակարգային մի շարք փոփոխություններով կմեկնարկի:

Հանրապետության ավելի քան 1400 դպրոցներում շուրջ 39 000 առաջին դասարանցիների համար վաղը կհնչի առաջին զանգը: Միայն մայրաքաղաքի 155 դպրոցներ կհաճախեն շուրջ 12 000 առաջին դասարանցիներ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Եթե նախորդ տարիներին շատ դպրոցներ ուսումնական տարին սկսել են առանց համապատասխան լիցենզիայի, ապա այս տարի դպրոցները անգամ այս խնդիրը չունեն: Աննա Ստեփանյանը հավաստիացնում է. մայրաքաղաքի բոլոր դպրոցներն արդեն լիցենզավորվել են:

«Դեռևս կան դպրոցներ, ոտեղ այս գործընթացն իրականացնել չենք կարողանա, քանի որ տարածքային առումով չկան դպրոցներ, որոնք բավարարեն տվյալ տարածքի բնակչությանը: Դպրոցը բնականաբար ընդունելու է ավելի քանակով երեխաներ, կամ արդեն իսկ ընդունել է»:

Տվյալ դպրոցներում ընդունելությունը կսահմանափակվի հաջորդ տարվանից, իսկ այս տարի որևէ աշակերտ դպրոցից դուրս չի մնա,  հաստատեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Այս ուսումնական տարվա հաջորդ ու թերևս կարևորագույն փոփոխությունը համակարգի ապաքաղաքականացումն է, ինչի մասին Երևանի հանրակրթական դպրոցների ավանդական օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՆ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել նաև տնօրենների ընտրության և ուսուցիչների մրցույթների կարգի մեջ: Փոփոխություններ կան նաև աշակերտական համազգեստին վերաբերող։ Ինչպես ևս մեկ անգամ հաստատեց նախարարը ոչ ոք այլևս չի ստիպի աշակերտին սև և սպիտակ հագնել: Միասնական հագուստի հարցը լուծում է տվյալ դպրոցը և ծնողական խորհուրդները:  Եվ ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա, այդպես էլ պետք է չլինի սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանք:

Ինչ վերաբերում է բջջային հեռախոսներին, ապա քննարկումներն այս առումով այնքան հակասական էին, որ դրանց կիրառությունը դպրոցներում դեռևս չի արգելվի:

Back to top button