Հասարակություն

Որքանո՞վ է Արմավիրի մարզը պատրաստ ներառականությանը

Նոր ուսումնական տարում Արմավիրի մարզի բոլոր դպրոցները կանցնեն ներառական կրթության՝ այսօր Երևանի հանրակրթական դպրոցների ավանդական օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Որքանով է մարզը պատրաստ ներառականությանը եւ երբ Երեւանում այն համընդհանուր կդառնա՝ պարզել է Ռադիոլուրը:

Հատուկ կարիք ունեցող երեխաները հանրակրթական դպրոցներում կստանան անհատական մի շարք ծառայություններ, որը նախկինում ստացել են հատուկ դպրոցներում: Այս հարցում դպրոցներին աջակցելու են նորաստեղծ մանկավարժահոգեբանական կենտրոնները, որոնք նաև երեխայի կարիքի գնահատումն են իրականացնելու: Սա կառավարության որոշմամբ:

Այս խնդիրը մտահոգում է նաև Մովսես Խորենացու անվան համար 143 դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանին։ Կարծում է, որ համընդհանուր ներառական կրթությանն անցնելու հարցում կառավարությունը շտապել է:

Մինչ Գարեգին Կոստանյանը կարծում է, որ համընդհանուր ներառականությանը անցնելուն մեր դպրոցներն ու հասարակությունը դեռ պատրաստ չեն, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզն ամբողջությամբ կանցնի համընդհանուր ներառական կրթության: Նախարարն իհարկե համաձայն է. դեռևս ոչ բոլոր դպրոցներն են պատրաստ համընդհանուր ներառականությանն անցնելուն, բայց և շեշտում՝  դա անխուսափելի է:

Թե որքանով է մարզը պատրաստ այս փոփոխությանը, հետաքրքրվեցինք հենց այնտեղից: Մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետի պաշտոնակատար Սոնա Բուդաղյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ մարզի մի շարք դպրոցներ արդեն այս փորձն ունեն: Պարզապես այժմ արդեն բոլոր դպրոցներն են անցնելու համընդհանուր ներառականությանը:

Այսպիսով Արմավիրի մարզն արդեն պատրաստ է այս մեծ փոփոխությանը: Այն պետք է օրինակ դառնա նաև մյուս մարզերի և Երևանի համար: ԿԳ նախարարը հայտնեց, որ մի քանի ամիս հետո Երևանում ևս կանցնենք ներառական կրթության:

Back to top button