Քաղաքական

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իտալիայի Սենատը հավանության կարժանացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 31-ին հանդիպել է պետական այցով Երեւան ժամանած Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերջո Մատարելայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա հարաբերություններին:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությանը: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանական կառավարման համակարգ ունենալը համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` խորհրդարանական կառավարման Իտալիայի արդյունավետ փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:


Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի Սենատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրներին միավորում եւ հարաբերություներն առավել ամրապնդում ու ջերմացնում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական եւ ժողովրդավարական ընդհանուր արժեքները:

Ցուցադրել ավելի
Back to top button