ԿարևորՔաղաքական

Որտեղ է սկսվում և ավարտվում պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությունը

Որտե՞ղ է սկսվում և ավարտվում  Սահմանադրությամբ  երկրի ղեկավարներին տրված անձեռնմխելիությունը, որքանո՞վ են հստակ սահմանումները, կան արդյո՞ք տարընթերցումների տեղիք տվող ձևակերպումներ:

Իրավական շրջանակներում այս հարցերն արդեն  քննարկումների առիթ են դարձել, կարծիքները միանշանակ չեն:

Նախագահի իմունիտետի  գործոնը շեշտում են նաև Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները:

Հանրապետության նախագահն անձեռնմխելի է՝ սահմանում է 2015-ին փոփոխված Սահմանադրության 140-րդ հոդվածը: Հոդվածի հաջորդ երկու կետերը մանրամասնում են այն դեպքերը, թե երբ կարող է երկրի ղեկավարը  պատասխանատվության ենթարկվել:

Հոդվածի երկրորդ մասում ասվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իսկ երրորդ մասը սահմանում է, որ  իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար պաշտոնավարման ավարտից հետո հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ասում են, որ  գործի մանրամասներին ամբողջությամբ ծանոթանալ  դեռ չեն հասցրել,  գնահատականներ առայժմ չեն տալիս, բայց մեկ վերապահում արդեն ունեն ու այն վերաբերում է  նախագահի անձեռնմխելիությանը:

Փաստաբան Արամ Օրբելյան.  «Այսպիսի մի իրողություն ասեմ. եթե պատկերացնենք, որ պարտականությունների խախտումը, իրավասության վերազանցումը պետք է համարվի, որ կարգավիճակից դուրս է , այդ դեպքում իմունիտետ  կարելի  է և չտալ, որովհետև եթե  ոչ եթե չի գերազանցել, հանցագործություն չի կատարել, ապա ակնհայտ է, որ քրեական հետապնդման ենթրակելու խնդիր էլ ընդհանրապես չի ծագի»:

Միջազգային իրավունքի  մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ  նախագահի անձեռնխելությունը  սահմանող դրույթներում  իրավական անորոշություն կա:  Խնդիր տեսնում է հատկապես «կարգավիճակ» եզրույթի ընտրության մեջ:

«Որպես կանոն՝ լիազորությունների ժամկետում նախագահներն ունեն անձեռնմխելիություն, ավարտից հետո դեպքեր կան: Անհասկանալի է, թե մեր դեպքում ինչու է ընտրվել կարգավիճակ բառը: Արդյո՞ք դա նույնացվում է լիազորություններ, գործառույթներ հասկացության հետ: Ինձ թվում է, որ ՍԴ-ն այստեղ անելիք ունի. պետք է բացահայտել այդ արտահայտության  սահմանադրաիրավական բովանդակությունը»:

Այլ երկրների Սահմանադրությունները նույնպես, որպես կանոն,  առաջին կետով ամրագրում են անձեռնմխելիությունը, հաջորդ կետերով շարադրում բացառությունները: Արա Ղազարյանն ասում է, որ հիմնական դեպքերում սակայն, ոչ թե գործառույթներ կամ կարգավիճակ տերմիններն են օգտագործվում, այլ ավելի պարզ ձևակերպում է տրվում՝ իմունիտետը դադարում է գործել հանցագործություն կատարելու դեպքում:

«Տարակարծության տեղիք է տալիս, որովհետև ընտրվել է հասկացություն, որը չափազանց լայն է ՝ կարգավիճակ: Տրամաբանությունն ասում է, որ անկախ հանգամանքից, թե  ինչպես կմեկնաբանենք, նախագահը չի կարող խախտել օրենքը, այն էլ քրեական իրավունքը: Հետևաբար ես հակված եմ կարծելու, որ երկրորդ նախագահը  իմունիտետից չի կարող օգտվել, բայց նաև ՍԴ մեկնաբանության անհրաժաշտությունն եմ տեսնում»:

Բոլոր դեպքերում նախագահի իմունիտետը մեկ հիմնական նպատակ ունի. երկրի ղեկավարի  գործառույթների իրականացումը հնարավորինս ապահովագրել քաղաքական   իրավիճակի փոփոխություններից, շահարկումներից և հետապնդումներից: Բայց ելակետ է նաև այն, որ նախագահն իր լիազրությունները չպետք է սահմանազանցի՝   ասում է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը:

Մեղադրանքի մեխն, ըստ նրա,  ենթադաբարար բանակի ներգարվումն է: Նման լիազորություն նախագահն ուներ՝ ասում  է սահմանադրագետը, բայց  նաև հիշեցնում, թե որ դեպքերում երկրի ղեկավարը  կարող էր դա անել:

«Նախագահը կարող էր բանակի ներգրավման մասին որոշում կայացնել, բայց դրա համար անհրաժեշտ էր ռազմական դրություն հայտարարել: Իսկ ռազմական դրության հայտարարման համար հարկավոր էր, որ Հայաստանը պատերազմ սկսեր կամ լիներ հարձակման անմիջական հնարավորություն»:

Հենց այս տրամաբանությամբ սահամանդրագետը ՍԴ լրացուցիչ մեկնաբանության կարիք չի տեսնում:

«Չի կարող կարգավիճակի չարաշահումը որկավել որպես կարգավիճակից բխող գործողություն: Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց կարծում եմ, որ անձեռնմխելությունն այս դեպքում երկրի ղեկավարի վրա չի տարածվում»:

Ի դեպ, երբ 2015-ին քննարկվում էր սահմանադրական փոփխությունների նախագիծը, վիճահարույց կետերից մեկը հենց նախագահի անձեռնմխելիության հարցն էր: Ընդդիմախոսները կարծում էին, որ  հոդվածի ձևակերպումներն անորոշ են, կարգավորման շրջանակները՝  հնարավորինս լայն:

Back to top button