ԿարևորՀասարակություն

Հրապարակվել են պաշտպանության նախարարությունում պետգնումների դիտարկման արդյունքները

Տարիներ շարունակ ընդունված էր մտածել, որ հատկապես պատերազմական վիճակում գտնվող երկրի համար Զինված ուժերի ոլորտի ծախսերը չպետք է բաց լինեն:

Բյուջետային հատկացումներն ու քննարկումները, ինչպես նաեւ հաշվետվությունները խորհրդարանում մշտապես անցել են դեռնփակ ռեժիմով: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

2014-17 թթ-ին ՊՆ տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան պաշտոնյաների:  Ամենօրյա ռեժիմով արդեն բանակում լինում են պատժվողներ՝ խոստովանում է գործող նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Քառօրյա պատերազմից հետո հատկապես հանրությունը շատ սուր ընդունեց «80-ական զենքերի» մասին հայտարարությունները: Պաշտպանության նախարարության հետ կապված վերջին տարիներին կան նաեւ բազմաթիվ այլ դժգոհություններ: Իսկ Գնումների բողոքարկման խորհրդում մայիսի 1-ի դրությամբ քննված գործերի մեծամասնությունն առնչվել է պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներին:

Կոռուպցիոն ամենամեծ վտանգը թաքնված է հենց պետական գնումների համակարգում՝ կարծում է վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Իր ղեկավարած Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնն անցկացրել է պետգնումների ուսումնասիրություն պաշտպանության ոլորտում:

Հանրության համար փակ են զենքի ձեռքբերման տվյալները, սակայն մյուս պետգնումները բաց են։ Ուսումնասիրությունները որոշ հարցեր են առաջացրել։ Ասենք՝ ինչպես կարող է 8 աշխատող ունեցող ընկերությունը 544 միլիոն դրամի շինաշխատանքների մրցույթ շահի կամ 1 աշխատող հայտարարագրած տեղական արտադրողը, ոչ ներմուծող՝ «K.K.F. Թրեյդինգ» ընկերությունը, հանդերձանք մատակարարի պաշտպանության նախարարությանը:

Մի հարց է արդեն կատարված գնումներն ու մրցույթները, մեկ այլ հարց՝ գնումների պլանավորումը: 2017-ի համար, օրինակ, պաշտպանության նախարարությունը նախապես պլանավորել էր, թե որքան ծաղկի սերմեր, ծաղկային կոմպոզիցիաներ, քաթան եւ նմանատիպ այլ իրեր ձեռք բերեր: Հենց այստեղ էլ թաքնված է յուրաքանչյուր տարեվերջին շռայլ ծախսերի ու թանկ նվերների գաղտնիքը՝ բացահայտում է Արտակ Մանուկյանը:

Պաշտպանության նախարարությունում վերջին շրջանում չեն խուսափում ԶՈՒ-ոմ առկա չարաշահումների մասին խոսելուց: Անձամբ նախարարը նշում է՝ ծրագրել են լայնածավալ հակակոռուպցիոն ծրագրեր:

Այս տարվա առաջին կիսամյակին պաշտպանության նախարարությունն արդեն ծախսել է 25 միլիարդ դրամից ավելի գումար: Քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են՝ անգամ գաղտնի հատկացումների դեպքում տարբերակ պետք է գտնվի հարկատուներին հաշվետու լինելու համար:

Back to top button