Հասարակություն

Ինչ է իրականում կատարվում Հաղարծին և Թեղուտ համայնքներում

Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհի Իջևանի հատվածն արդեն բաց է։ Երեկ ուշ ժամին այս ճանապարհահատվածի երթևեկությունը կաթվածահար էր: Հաղարծին և Թեղուտ համայնքների բնակիչները  փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ «Դիլիջան» ազգային պարկը հսկող կամավոր բնապահպանները հեռանան:

Օրեր առաջ բնակիչների ու բնապահպանների միջև ընդհարում էր տեղի ունեցել։ որը վերածվել էր  ծեծկռտուքի: Այսօր արդեն  Տավուշի մարզպետը Հաղարծին և Թեղուտ համայնքների վարչական ղեկավարներին  իր մոտ է հրավիրել՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Բնապահպան, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն ասում է, որ  իրենք որևէ խնդիր չունեն գյուղացիների հետ, բայց իրենք այնտեղ  են մի պատճառով, որպեսզի թույլ չտան անտառահատում իրականացնել:


Նկարը՝ Հետք-ի

Հայկ Բարսեղյանն ասում է, որ վերահսկող մարմիններն իրենց պարտականությունները չեն կատարում։ Բնապահպաններն իրենց գործողությունները դադարեցրել են, որի համար կան հիմնավոր պատճառներ:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով երեկ երեկոյան դեպքի վայրում էր, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ լարվածությունը փոքր-ինչ թուլացել  է, գյուղացիների պահանջը մեկն է՝ բնապահպանները պետք է հեռանան տարածքից:

Բնապահպաններն ասում են, որ բոլորի համար էլ պարզ է՝ ինչու են այս աղմուկը տեղացիները բարձրացրել՝  իրենք ծառ հատելուց զրկվում են, և բիզնես շահն  է  այստեղ գործում:  Մարզպետին փոխանցում եմ բնապահպանների մտահոգությունները:

Վահե Ղալումյանի խոսքով՝ անտառը պետք է պահպանեն պետության կողմից ստեղծված կառույցները՝ անտառտնտեսությունը, ազգային պարկերը, բանապահպանական տեսչությունը, ոստիկանությունը։ Սակայն  նման իրավիճակի պատճառը, ըստ նրա, որոշ կառույցների թերացումներն են:

Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա անտառային թնջուկը, դժվար է  ասել:  Քննարկումները դեռ շարունակվում են, այս պահին անտառում ծառեր չեն հատվում, ճանապարհն էլ բաց է:

Back to top button