Հասարակություն

Դումբրավեն՝ «հայկական» քաղաք Ռումինիայում

Ռումինիայի Դումբրավեն քաղաքը Գերլա-Արմենոպոլիսի՝ Հայաքաղաքի հետ միասին Ռումինիայի «ամենահայկական» քաղաքներից է:

Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարի վերջում և նշանակալի ավանդ բերել քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանը: Քաղաքում այսօր հիմնականում ապրում ենհունգարներ և ռումինացիներ։ Հայերի մեծ մասը լքել է այն 19-րդ դարի կեսերին, սակայն մի քանի հայ ընտանիք կա, ասում է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Այսօր փաստացի մի քանի ընտանիք է մնացել, որոնք որոշ չափով պահպանել են հայկական ինքնությունը, բայց եկեղեցական առումով հանդիսանում են կաթոլիկ, գրեթե կորցրել են հայոց լեզուն, խոսում են կամ ռումիներեն, կամ հունգարերեն», — ասում է Սերգեյ Մինասյանը:

Դումբրավենի և Գերլայի հայ համանյնքներն առանձնանում են Ռումինիայի այլ համայնքներից, քանի որ Տրանսիլվանիա շրջանը, որտեղ գտնվում են քաղաքները, տարբեր պատմական և քաղաքական պատճառներից ելնելով միայն վերջին 100 տարիների ընթացքում է Ռումինիայի մաս:

Դեսպանը հուսով է, որ հատկապես վերջերս զգալիորոն ակտիվացած Ռումինիայի հայկական միության գործունեության շնորհիվ հնարավորություն կստեղծվի տեղի երիտասարդներին որոշակի ծրագրեր առաջարկել, որոնք թույլ կտան և՛ Հայաստան այցելել, և՛ մասնակցել կրթական և մշակութային համատեղ ծրագրերին:

Դումբրավենի ամենահայտնի շենքերից մեկը 18-րդ դարի բարոկկո ոճի Սբ. Եղիսաբեթ հայ կաթոլիկ բազիլիկ եզակի եկեղեցին է, որի կառուցումից հետո էլ քաղաքը վերանվանվեց Եղիսաբեթուպոլիս: Տաճարը մշտապես չի գործում, բայց ժամանակ առ ժամանակ միջոցառումների անցկացման վայր է հանդիսանում:

«Գրեթե նույն կարգավիճակում է գտնվում նաև Գերլայի հայկական եկեղեցին, որն այս պահին աշխարհի ամենամեծ հայկական կաթոլիկ տաճարն է:  Մինչև 19-րդ դարի երկրորդ կեսերը՝ Շուշիի Ղազանչեցեց եկեղեցու կառուցումը, այն աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցին էր, թեև ոչ առաքելական»:

Հուլիսի սկզբին Դումբրավենը հյուրընկալել էր  արդեն ավանդույթ դարձած պատմական սիմպոզիումը, որին բացի հայ համայնքի ներկայացուցիչներից մասնակցում էին նաև գիտնականներ, Հայաստանի դեսպանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

«Քննարկվեցին Ռումինիայի պատմությանը, ռումինահայ համայնքին, այդ թվում նաև ցեղասպանություն վերապրածներին առնչվող պատմական ակնարկներ: Եղան նաև ուղերձներ, այդ թվում նաև Դումբրավենի քաղաքապետի կողմից: Ես ևս ներկա էի՝ որպես Հայաստանի դեսպան»:

Եկեղեցու գրապահոցում պահվում են 17-18-րդ դդ. վենետիկյան հազվագյուտ հնատիպ հայալեզու եկեղեցական և այլ գրքեր, կրոնին, լեզվին և բնական գիտություններին վերաբերող ավելի քան 2,200 հատոր իտալերենով, հայերենով, հունգարերենով և այլ լեզուներով:

Ըստ Սերգեյ Մինասյանի, քաղաքի գլխավոր հրապարակում գտնվող եկեղեցին այսօր վերանորոգման կարիք ունի, այցի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել;

«Բավականին մեծ գումարների մասին է խոսքը գնում:  Քանի որ այն կաթոլիկ եկեղեցի է, մենք պիտի փորձենք միջոցներ գտնել կաթոլիկ եկեղեցու, համայնքի, պետության, ինչու չէ նաև եվրոպական ինչ-որ աղբյուրներից, որոնք կարող են նպաստել եկեղեցու վերանորոգմանը»:

Նախկինում քաղաքում եղել է 7 հայկական եկեղեցի, որոնցից պահպանվել են երեքը։ Դրանցից երկուսն են, որ այսօր պատկանում են հայ համայնքին։

Back to top button