Քաղաքական

«Ադրբեջանական լվացքատան» նոր զարգացումները

Կոռուպցիայի դեմ պայքարը ԵԽԽՎ, պարզվում է, նույնպես աշխատում է Հայաստանի օգտին։ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալն ու բացահայտումները, որոնք ստացել էին «ադրբեջանական լվացքատուն» անվանումը, այսօր նոր զարգացումներ են ունեցել:

2017 թվականից ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ մարմինը, որն ուսումնասիրել է միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումները, հրապարակել է իր զեկույցը։ Այնտեղ կան հստակ անուններ: Մի մասի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: 

«Ադրբեջանական ստրասբուրգյան լվացքատուն»-ը ժամանակին եկամտաբեր էր որոշ եվրոպացի պատգամավորների համար, բայց այսօր արդեն դարձավ վտանգավոր:  ԵԽԽՎ Կանոնակարգի հարցերի հանձնաժողովի որոշումը ծանր հետեւանքներ ունեցավ ԵԽԽՎ 14 նախկին պատգամավորների համար:

Տարանջատելով ներկա եւ նախկին պատգամավորներին՝ սահմանվեցին տարբեր պատժամիջոցներ՝ մի մասը զրկվեց կյանքի ընթացքում Եվրախորհրդի եւ Խորհրդարանական Վեհաժողովի տարածք մուտք գործելու իրավունքից, զրկվեցին նաեւ ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչումներից:

ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի պատրաստած զեկույցում տեղ են գտել այնպիսի պատգամավորների անուններ, ինչպիսիք են Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Գորան Լինդբլադը, Տադեուշ Իվինսկին: Ադրբեջանցի պատգամավորներ Մուսլիմ Մամեդովը եւ Էլխան Սուլեյմանովը ցմահ զրկվել են ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու իրավունքից:

«Հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքները եւ հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը։ Շարունակելի…»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Այս բացահայտումների ֆոնին ի՞նչ ճակատագրի կարող են արժանանալ նախկինում ԵԽԽՎ կողմից ընդունված հակահայկական՝ ԼՂ-ին առնչվող բանաձեւերը՝ «Ռադիոլուր»-ի հարցին պատասխանում է Արփինե Հովհաննիսյանը:

«Այս զեկույցների վերանայման պրոցեդուրա նախատեսված չէ, մենք այդ հարցը բարձրացրել ենք կանոնակարգի հանձնաժողովում: Այս պահին վեհաժողովը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ քննարկելու այն խնդիրները որ վեհաժողովը բախվում է, գուցե այդ ժամանակ անդրադարձ կատարվի այդ զեկույցներին»:

2016-ին էր, եվրոպական կառույցում մեծ թափ էին ստացել հակահայկական հարցերի քննարկումները: Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցն ընդունվեց:

Վեհաժողովի օրակարգում էր նաեւ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձեւը: Վիճահարույց ձեւակերպումներով բանաձեւը ԵԽԽՎ-ն ի վերջո մերժեց, բայց, ինչպես ասվում է, քննարկում եղավ, տպավորություն թողեց:

Բացի այս ամենից կասկածներ կան, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել  է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Պատժամիջոցներից հետո այս պահին ԵԽԽՎ-ում եղած տպավորությունները «Ռադիոլուր»-ին փոխանցում է հայաստանյան պատվիրակության անդամ, «Ելք»-ից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանական լոբբինգը այստեղ կոռուպցիոն սկանդալներից հետո թուլացել է, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն շարունակում գործել»:

ԵԽԽՎ անկախ հանձնաժողովի զեկույցում միայն այսօր պատժված եվրոպացի 14 պատգամավորի անունը չի նշված: Այնտեղ տեղ է գտել ԵԽԽՎ 29 պատգամավորի անուն, որոնք մեղադրվում են էթիկական նորմերը խախտելու եւ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:

Back to top button