Քաղաքական

Այժմ ունենք այլ իրողություն. Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար

Էջմիածի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին պաշտոնը զբաղեցնելու առաջակը եկել է Կառավարությունից: Առաջարկն ընդունելու որոշումը ոչ՛ հեշտ է տրվել, ո՛չ էլ շատ բարդ:

Գասպարյանը «Ռադիոլուր»-ին պատմել է, որ երևակայական կշեռք է ստեղծել իր համար, մի նժարին դրել է ռիսկերը, իսկ մյուս նժարին՝ պլյուսները:

Արդյունքում  դրականը գերակշռել է, ու նա ստանձնել է վճռորոշ ժամանակաշրջանում քաղաքը բնականոն հունին բերելու պատասխանատվությունը:

Հայաստանի նորանկախ  պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքապետի պաշտոնը կին է  ստանձնում: Այս իրողությունը այնքան էլ հնչեղություն չէր ունենա, եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչը չստանձներ Էջմիածնի ղեկավարումը՝  քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հրաժարականից հետո։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանան Գասպարյանին Էջմիածնում քչերն են ճանաչում՝ հակառակ նրան, որ ծնվել է Էջմիածնում, ուսանել և աշխատել  է Երևանում:

«Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծանում է. երբ առաջարկել են այս պաշտոնը՝ ընտանիքի անդամները  շատ են մտահոգվել:  Ասում է՝ հասկանում է բոլորին, քանի որ իր նշանակումը անսպասելի էր։ Բայց քաղաքական թիմը հավատացել ու վստահել է իրեն, որպեսզի «այս դժվարին օրերին հանձն առնեմ քաղաքի կառավարումը»:

Գաղտնիք չէ, որ Էջմիածնում միշտ եղել են կլանային համակարգեր, ու քաղաքապետի հրաժարականից հետո էլ սկսեցին լուրեր շրջանառվել, որ նոր կլաններ են ձևավորում: Դիանա Գասպարյանն ասում է, որ  ցանկացած երկրում կլանի ձեւավորման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են լինում։

Իշխանության  թողտվության արդյունքում այդ իշխանության մի մասը տրվում է որևէ կլանի, որն էլ ժամանակի ընթացքում իրեն օրենքից վեր է դասում ու ինքնագործունեությամբ զբաղվում:  «Սակայն այժմ մենք այլ իրողություն ունենք»,- ասում է քաղաքապետն ու շեշտում, որ քաղաքում նոր կլաններ ստեղծելու հիմքեր չկան:

Դիանա Գասպարյանին հարցնում եմ՝ ինչպիսի՞ ժառանգություն է ստացել նախորդ քաղաքապետից: Նկատենք, որ դեռ 20 օր առաջ էջմիածնեցիները բողոքի ակցիա էին անցկացնում քաղաքապետի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը, պնդելով, որ քաղաքի բարելավմանն ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, զարգացման ծրագրեր չկան։

Նորանշանակ քաղաքապետն ասում է, որ պաշտոնն ստանձնելու երկու օրերի ընթացքում հասցրել  է ծանոթանալ իրավիճակին եւ կարող է հստակ ասել՝ որ բողոքներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:

Դիանա  Գասպարյանը չի ժխտում, որ սկզբում աշխատակազմը զգուշավորություն էր ցուցաբերում, մտածում էին, որ եկել է եղածը քանդելու ու նորը սկսելու վճռականությամբ,  սակայն քաղաքապետը  հավաստիացնում  է, որ նա եկել է եղածի վրա աշխատելու ու նորը կառուցելու սկզբունքով:

Արդյո՞ք Դիաննա  Գասպարյանը կառաջադրի իր թեկնածությունը հոկտեմբերին  կայանալիք ընտրություններում, դեռ չգիտի, շեշտում է, որ  քաղաքական թիմն է որոշում, իսկ հիմա  նա պարզապես պետք  է աշխատի ու  վեր հանի քաղաքի առաջնային լուծման խնդիրնեը:

Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 21- ին։

Back to top button