ԿարևորՀասարակություն

Քննիչն այսօր եղել է պոլիկլինիկայում՝ երեխայի մահվան հետքերով

5 ամսական Էվելինա Գրիգորյանի մահվան լուրը մեծ աղմուկ է բարձրացրել: Ծնողները պնդում են, որ  երեխայի մահը բժիշկների կողմից  թույլ տված սխալների արդյունք է: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայից էլ  նշում են, որ  պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:

Պատվաստումները կատարվել են  ճիշտ պայմաններում, երեխայի վիճակը թույլ է տվել  ստանալ  վակցինան՝ պնդում են: Առողջապահության նախարարությունից և «Արաբկիր» բժշկական կենտրոնից, որտեղ գրանցվել է երեխայի մահը, այժմ չեն  մեկնաբանում՝ քննությանը չմիջամտելու պատճառաբանությամբ։

Երեխայի մահվան պատճառների վերաբերյալ դժգոհությունների հետքերով է գնացել «Ռադիոլուրը»:

5 ամսական Էվելինա Գրիգորյանի մոտ ծնվելուց 2 շաբաթ անց նկատվել է ցան: Հերացու անվան մանկական պոլիկլինիկայում գրանցված փոքրիկին սպասարկող բժշկուհու՝ Ռուզաննա   Կճոզյանի  նշանակումները, հոր՝ Նարեկ Գրիգորյանի խոսքով, դրական ազդեցություն չեն ունեցել:

Այնուհետև Արաբկիր մանկական պոլիկլինիկայում  կատարված  լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ալերգիայի նկատմամաբ զգայունությունը երեխայի մոտ բարձր է: Ալերգիայի հետևանքով  Էվելինայի առաջին պատվաստումը հետաձգվել է: Հաջորդ այցելությունը նշանակվել է մայիսի 5-ին: Ծնողները  պահանջել են արյան անալիզ հանձնել, սակայն բժշկուհին ասել է, որ երեխայի ալերգիկ վիճակը հակացուցված չէ պատվաստում կատարելու համար եւ պատվաստել են:

«Երեք օր երեխան ջերմում էր, անհանգիստ էր, նույն այդ դեղերի միջոցներով, բերեցինք հասցրեցինք, այնպես որ երեխան այլևս գանգատներ չուներ»:

Հաջորդ պատվաստումը նշանակվել է հունիսի 5-ին: Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ պատվաստումից մի քանի օր առաջ երեխայի մոտ նկատվել է քրտնարտադրություն, վարքագծի փոփոխություն,  գլխի հետնամասում  փոքրիկ գոյացություն:  Հունիսի 5-ին այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիա, երեխային սպասարկող բժշկուհին արձակուդում է եղել և Էվելինային սպասարկել է  այլ մանկաբույժ Սուսաննա Սերգեեւնան:

«Ընտանեկան բուժքույր Սուսաննա  Մնացականյան այդ բոլոր մեր մտահոգությունները, նույնիսկ հայտնեցինք, որ ցանկություն ունենք երկրից մեկնել, եթե հնարավոր է մեզ ինչ որ թուղթ տա,  որպեսզի մենք Ռուսաստանում ներկայացնելով  երեխան անցնի պատվաստում և բաց չթողնի այդ ամեն ինչը: Նա  պատճառաբանելով, որ դա բավականին երկար  թղթաբանություն է: Թե բա եկել եք, եկեք պատվաստեմ»:

Մինչ պատվաստելը, երեխայի ջերմությունը եղել է  36.9աստիճան: Ծնողի պնդմամբ, երեխայի ջերմությունը ևս մեկ անգամ չափվել է արդեն  էլեկտրական ջերմաչափով, որը ցույց է տվել 36.4, որից հետո բժիշկը կատարել է պատվաստումը: Պատվաստումից ժամեր անց, հոր պնդմամբ, երեխայի մոտ կտրուկ փոխվել է տրամադրությունը, դարձել է ավելի անհանգիստ: Հաջորդ օրը բուժքույը հեռախոսազանգով է հետաքրքրվել  երեխայի վիճակով: Մոր փոխանցած խոսքերը, որ երեխան  առատ քրտնարտադրություն ունի, չունի ախորժակ և շատ անհանգիտ է, բուժքույրը պատասխանել է, որ նկարագրածը հետպատվաստումային  երևույթներ են:

«Ամսի 6-ից 7-ը երեխաս ընդհանրապես չի քնել,  լաց, հևոց, ինչ որ անհանգստություն, այնպես որ չի թողել նույնիսկ ձեռքներիցս  իրեն ցած դնենք: Ժամը 12-ին մոտենալով Հերացու անվան պոլիկլինիկա, մոտենալով նույն Սուսաննա Սերգեեվնա բժշկին ցույց ենք տալիս երեխա արդեն սփրթնած,  նա շոշափում է ականջն ու ասում տարեք ԼՕՌ-ի մոտ»:    

Սակայն քիթ-կոկորդ-ականջի մասնագետը տեղում չի լինում: Պոլիկլինիկայի տնօրենը գործուղման է եղել արտերկիր, իսկ պաշտոնակատարն ու նրան փոխարինողը կրկին տեղում չեն լինում: Ծնողների բարձրացրած աղմուկից հետո  ներկայանում է ԼՕՌ մասնագետը։ Նարեկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ կրկնում է նույնը, ինչ ասել էր երկու ամսի առաջ՝ աջ ականջում բորբոքում կա, իսկ կոկորդի կարմրություն շատ լացի արդյունք է: Սուսաննա Սերգեեվնան էլ անհանգստությունը կապել է փորիկի հետ և բուժման եղանակ նշանակել արդուկած շորը: Անհանգստացած ծնողները տեղափոխում են երեխային «Արաբկիր» բժշկական կենտրոն:

«Էխոյի միջոցով  հասկանում են, որ երեխայի սիրտն ունի մոտ 5 տոկոս  զարկ, անմիջապես տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ  10 րոպե անց մահանում է»:    

«Ռադիոլուրը» այցելեց  պոլիկլինիկա: Այցի պահին  բուժհաստատությունում էր քննիչը, որը եկել էր ծանոթանալու  պատվաստանյութերին ու պատվաստում կատարելու պայմաններին: Ինձ ընդունեց տնօրեն Աննա Բալյանը:  Սուսաննա Սերգեեվնան արձակուրդում էր:  Նրա հասցեին հնչած մեղադրանքները տնօրենը չի ընդունում, մատնանշում է ընտանեկան բժշկի մասնագիտական հմտությունները: Երեխային ամեն պատվաստումից առաջ համապատասխան զննում իրականացվել է և որևէ խնդիր չի հայտնաբերվել:

«Կան հիվանդություններ, կան արագընթաց  հիվանդություններ, որոնք ժամկետի առումով համընկնում են  պատվաստումից հետո  ժամանակահատվածի հետ: Բայց դա չի նշանակում, որ դա պատճառ է»:      

30 տարվա մանկաբույժի փորձ ունեցող  Աննա Բալյանը զրույցի ընթացքում հուզվում էր,  ես նույնպես երեխա եմ կորցրել, հասկանում եմ, ծնողների վիշտը, սակայն պետք է լինել օբյեկտիվ՝ ասում է.

«Սա առեղծվածային  պատմություն է և անհամբեր  սպասում եմ, թե  իրականում ինչ կատարվեց երեխայի հետ: Արդյո՞ք սրընթաց բան եղավ, որ բժիշկը կարող էր չնկատել: Բայց այս պահին չեմ կարող և՛ շտապել մեղադրել,  և՛ արդարացնել»:

Սա բժշկական սխա՞լ էր, թե՞ ոչ, պարզ կլինի հետաքննության ընթացքում՝ ասում է Աննա Բալյանը: Իսկ երեխայի հայրը՝ Նարեկ Գրիգորյանը, մեղադրում է սպիտակ խալաթը կրողներին, դժգոհում առողջապահության նախարարության թեժ գծից, որին պարբերաբար ներկայացրել է դեպքերի զարգացումը, սակայն որևէ պատասխան չի լսել, բողոքում նաև  «Հերացու» անվան պոլիկլինիկայի  բոլոր այն բժիշկներից, որոնց մասնագիտական, իր ձևակերպմամբ, տգիտության արդյունքում, կորցրել են իրենց երեխային:

Back to top button