ԿարևորՔաղաքական

Պետք է պատրաստ լինել. Դավիթ Բաբայան

Հետեւելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող վիճակին՝ կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում իր ռազմատենչ հռետորաբանությունից, այլ նաեւ շարունակում է ուղիղ եւ բացահայտ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին:

Հերթականն այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի շուրթերից հնչեց: Խոսելով հաջորդ շաբաթ կայանալիք զորավարժությունների մասին՝ նա շեշտել է, թե իրենց նպատակը բանակը պատերազմի համար նախապատրաստելն է:

Հայկական կողմում նկատում են, որ դա ադրբեջանական կողմից նման հռետորաբանությամբ առաջին հայտարարությունը կամ սպառնալիքը չէ:

Վերջին շրջանում առաջնագծում հակառակորդի նկատելի ակտիվացման մասին շատ է խոսվել: ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում այսօր փոխանցեց, որ շփման գծի ադրբեջանական կողմում զինուժի տեղաշարժեր գրեթե ամեն օր նկատվում է: Նա վստահեցրեց, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները եւ համապատասխան զորատեսակներն աչալրջորեն վերահսկում են այդ բոլոր տեղաշարժերը:

Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նախ շեշտեց, որ Արցախում կատարյալ հանգիստ, հանդարտ ու կայուն վիճակ է, ապա ասաց, որ ապրիլ ամսից նկատվել են կուտակումներ, ինչպիսիք չեն եղել 2016-ի ապրիլից հետո եւ այդ մասին տեղեկացվել է նաեւ հանրությունը: Ոմանք նման տեղեկությունները համարում էին որպես ներքաղաքական շահարկումների արդյունք: Դավիթ Բաբայանը, սակայն,  տարակուսած է.

«Որոշ ոչ լուրջ մարդիկ փորձում են ասել, որ շահարկվում է, նման բան չկա: Ասում ենք այն, ինչ կա, ավելին՝ մենք պատրաստ ենք եւ միշտ պատրաստ ենք լինելու չեզոքացնել հակառակորդի բոլոր հանցավոր ծրագրերը՝ ուղղված մեր ժողովրդի եւ մեր պետականության դեմ»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում, նույնպես ասաց, որ առաջնագծում հակառակորդի որոշակի ակտիվություն կա:  Նա անդրադարձավ նաեւ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը, մասնավորապես, Զաքիր Հասանովի՝ բանակը պատերազմի պատրաստելու վերջին հայտարարությանը.

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ նման հայտարարություններ եղել են 1918 թվականից սկսած, այսինքն՝ նրանք երբեք չեն թաքցրել ֆաշիստական պետություններին բնորոշ իրենց նպատակը.

«Իրենց բուն նպատակը մեկն է՝ ոչնչացնել Արցախը, ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, ոչնչացնել հայ ժողովրդին: Նրանք երբեք այս աննորմալ, հանցավոր, ֆաշիստական-շիզոֆրենիկ նպատակներից հետ չեն կանգնել»:

Այսինքն, որեւէ էական փոփոխություն այդ առումով չկա եւ, ըստ Դավիթ Բաբայանի, դա չի կարող կապվել նաեւ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հայկական կողմի հստակ շեշտադրման հետ: Պարզապես եւս մեկ անգամ մենք պիտի սթափվենք, հասկանանք, որ այդ հակառակորդը չի փոխվել եւ չի կարող փոխվել՝ ասաց  նա: Ի տարբերություն Ադրբեջանի հանցավոր իշխանությունների, մենք արդար ենք՝ շեշտեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով.

«Մենք նպատակ չունենք Ադրբեջանի ժողովրդին ոչնչացնելու, Ադրբեջան պետությունը կործանել…. Այո՛, եթե նրանք դիմեն  արկածախնդրության, ապա՝ մենք կստորագրենք Ադրբեջանի կապիտուլիացիան Բաքվում»:

Պետք է լինենք պատրաստ՝ ասաց Դավիթ Բաբայանը: Թեպետ նրանք նյութական, թվական առումով ունեն առավելություն, սակայն, մենք էլ ունենք, այսպես ասած, մեր ատոմային ռումբը՝ մեր ոգին, միասնականությունը, ինչը հնարավորություն է տալիս կոմպենսացնել նյութական տկարությունը եւ հասնել առավելության՝ եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Back to top button