ԿարևորՍպորտ

Ֆուտբոլային միամսյակը՝ նաեւ երեւանյան բակերում

Այսօր մեկնարկելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Երևանում նույնպես  ֆուտբոլային տրամադրություն է:

«Ռադիոլուր»-ն է շրջել մայրաքաղաքում, զրուցել ֆուտբոլասերների ու սրճարանների աշխատակիցների հետ:

Ռուսաստան- Սաուդյան Արաբիա հանդիպման ժամանակ, ո՞ր հավաքականին են երկրպագելու ֆուտբոլի հայ երկրպագուները:

Ծարավ Աղբյուր հասցեում արդեն 20 օր է տեղադրվել է մեծ էկրան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար: Հարակից շենքի բնակիչների խոսքով՝ թեժ երեկոներ են սպասվում:

«Այո՛, դիտելու եմ,  երկար ժամանակ պատրաստվեցինք, որ հասցնենք էկրանը տեղադրել, որ կարողանանք նայել: Նայելու եմ, երկրպագելու եմ Ռուսաստանին, բայց չգիտեմ, ով է հաղթելու: Կնայեմ, եթե խաղադրույք կատարեմ, մի քիչ հետո գործակիցներին կծանոթանամ նոր ստաֆկա կանեմ»:

Ֆուտբոլային տրամադրություն է  նաև մայրաքաղաքի կենտրոնի սրճարաններում: Թամանյան փողոցի սրճարանները ֆուտբոլասերների համար ստեղծել են բոլոր հարմարությունները՝ մեծ էկրաններ,  ֆուտբոլային շունչ հաղորդող  ցուցանակներ, խաղադրույքներ կատարելու հնարավորություններ: Սրճարանի  բարմեն Ստեփան Թերզյանի խոսքով՝ ֆուտբոլասեր հաճախորդների մեծ հոսք արդեն կանխատեսվում է:

«Սպասում ենք շատ հաճախորդներ: Մեր կանխատեսումներով՝ լինելու են շատ հաճախորդներ, պատվիրված տեղեր էլ ունենք:  Իսկ խաղադրույքներ կատարվելու՞ են Ձեզ մոտ:  Անպայման, ոչ միայն խաղադրույքներ, այլ եթե գուշակում են հաշիվը, անակնկալներ են ստանալու թե՛ սրճարանի կողմից, թե՛ Տոտոյի»:  


Բուքմեյքերական ընկերություններից մեկից հաստատեցին՝ մարդիկ ակտիվ խաղադրույքների են անում.

«Իհարկե, եթե աշխարհի առաջնություն է, ակտիվություն նկատվում է»:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ինքը ոչ միայն մարզական խոշոր տոնակատարություն է, այլեւ տնտեսական մեծ արդունք ունեցող իրադարձություն։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ Ռուսաստանը մոտ կես մլրդ դոլարի ներդրումներ արդեն կատարել է։  Յուրաքանչյուր ժամանած զբոսաշրջիկ Ռուսաստանում լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում.

«Ամեն մի զբոսաշրջիկի միջին հաշվարկով  15 աշխատատեղ պետք է սպասարկի: Սկսած օդանավակայանից  վերջացրած տաքսի ծառայություններ, հյուրանոցներ, հասարակական սնունդ և այլն»:

Տնտեսությունը աճ է գրանցել նաև նախապատրաստական փուլում‘ հատկապես շինարարության մեջ, երբ 11 քաղաքներում 12 մարզադաշտերը պատրաստվել են առաջնության համար:

Հայաստանի տնտեսության վրա   ֆուտբոլի աշխարհի առաջնությունը  կարող  է ունենալ անուղղակի ազդեցություն: Սովորաբար նման խաղերի ժամանակ աշխուժանում են  բուքմեյքերական ընկերությունները, սակայն, ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի,  ոչ բոլորն են թափանցիկ աշխատում և այդ պատճառով դրանց տնտեսական էֆեկտն այդքան զգալի չի կարող լինել։ Սակայն տնտեսության  զարգացմանը կարող են նպաստել ՌԴ-ում այս ընթացքում գտնվող  ՀՀ քաղաքացիները:

«Այ էն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են ՌԴ-ում և մասնակացում են  աշխատանքներին, իսկ այդպիսինները քիչ չեն, մանավանդ շինարարական  աշխատանքների մասնակցողները, ստացած եկամուտների  որոշակի մասը փոխանցում է ՀՀ։ Խոսքը մասնավոր տրասֆերտների մասին է։ Սրանք իհարկե ունեն ազդեցություն և նշանակություն»:

Ռուսաստանում անցկացվող առաջնությունից ակնկալվող շահույթը 1.3 մլրդ դոլարով կգերազանցի 2014 թվականի ցուցանիշը։ Նախորդ առաջնությունն անցկացվել էր Բրազիլիայում:

Back to top button