ԿարևորՀասարակություն

Այսօր Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցն է

Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը՝  լեգենդար հրամանատարի այս խոսքն Արցախյան ազատամարտի օրերին զգաստացման կոչ էր ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար, իսկ սեունդների համար՝ որպես պատգամ:

Այսօր՝ հունիսի 12-ին լրանում է Արցախյան հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարելիցը: Մասնակցել է գրեթե բոլոր շրջանների պաշտապանական եւ ազատագրական մարտերին: Նա մեկնեց Արցախ՝ թողնելով սկսած ակադեմիական գործունեությունը:

Ամերիկայում ծնված, արևմտահայի ակցենտով Մոնթե Մելքոնյանը 1991 թվականի սեպտեմբերին առաջին անգամ հայտնվում է Հյուսիսային Արցախում: Իրեն անվանակոչելով Ավո՝ Մոնթեն գալիս է Մարտունի ու դառնում այդ շրջանի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար:

Մարտական ընկերները պատմում են, թե սկզբում նրա գալն այնքան էլ ջերմ չեն ընդունել։ Ասում են, որ հավատ ու հույս չկար. նրա բնավորության որոշ գծեր անսովոր են եղել  թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկների համար, նրա գաղափարները հեքիաթային են թվացել, շատերն անգամ չեն էլ  հավատացել դրանց: Ավելի ուշ, երբ 17 հոգանոց խմբով ազատագրել են Մարտունու շրջակա գյուղերը, Մոնթեին սկսել են արդեն վերաբերվել որպես իրական հրամանատարի:

Ավոյի գաղափարների ու հաստատակամության շնորհիվ Արցախի արևելյան թևը շուտով վերածվում է անառիկ ամրոցի: Միշտ ասում էր՝ եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը:

«Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանա, որ պատերազմի մեջ է և պետք է իր ուժը պետք է զորաշարժել այս պատերազմը հաղթելու համար, որ շուտ վերջացնենք: Ինչքան կամաց աշխատենք, այնքան երկար պիտի ըլլա, այնքան զոհեր պիտի ունենանք…»:

Մոնթեն՝ որպես զորավար, սպա և  հրամանատար, կայացավ դժվարին մարտերում՝ ասում են նրա մարտական ընկերները: Նրանցից Մարտիրոս Ժամկոչյանը պատմում է, որ սովորաբար մարտից երկու օր առաջ Մոնթեն չի քնել:  Անձամբ ստուգել է, որ զինվորները ոչնչի կարիք չզգան, սնունդն ու զինամթերքն էլ՝  տեղում լինի: Նա եւ՛ զինվոր էր, և՛ հրամանատար ու եթե մի բան էր նախապատրաստում՝ տղաների հետ առաջին շարքերում էր: Ասում են, որ ամեն զոհի հետ մտահոգվել է՝  ի՞նչ անել նոր զոհիերից խուսափելու համար:

«Ինքը երբեք իր մասին չէր մտածում: Մենք մաքուր շորեր էինք բերում իր համար, ինքը ուրիշներին էր նվիրում….»:

Շատերն են հաճախ կատակել, որ Ավոյի առաջին սերը հենց հայրենիքն էր: Ցավոք, ժամանակը թույլ չտվեց Մոնթեին ընտանիք կազմելու ու երեխաներ ունենալու: Մոնթեի կինը՝ Սեդան, ժպտալով խոստովանում է, որ մինչև այսօր էլ կարոտում է նրան:

«Ինքը ինձ հեռախոսով է ասել, որ սիրում է ինձ: Հետո նամակներով ասում էր որ երկու շատ կարևոր բաներ կան իր համար՝ հայրենիքն ու աշխատանքն ու դու»:

Ավոյի ղեկավարությամբ Մարտունին դարձավ պաշտպանված ու մարտունակ շրջան: 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին հենց նրա գլխավորությամբ ազատագրվեց  նաև Քարվաճառը: Նրա ղեկավարած ամենապատասխանատու գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր:

25 տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին Մարզիլի գյուղի մոտ Մոնթեն ու իր ընկեր Սարիբեկը մի զրահամեքենա են տեսնում: Կարծելով, թե հայեր են, մոտենում են: Զրահամեքենայում, սակայն, ադրբեջանցիներ էին: Փոխհրաձգության ընթացքում զոհվում են Մոնթեն ու Սարիբեկը: Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման:

Back to top button