Հասարակություն

Կաթողիկոս հրաժարականը պահանջող հոգեւորականները շարունակում են իրենց պայքարը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախoրեին հայրական  հրավեր էր ուղարկել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնող խմբի անդամներին՝ նրանց մտահոգությունները լսելու եւ եկեղեցու բարենորոգության աշխատանքներին մաս կազմելու նպատակով:

Խումբը հրավերը ընդունել էր, սակայն պահանջը՝ կաթողիկոսի հրաժարականը, թողել էր անփոփոխ: Մի քանի օր է նախաձեռնող խումբը համացանցում, մամուլում խոսում է եկեղեցու պասիվ դերի, գործունեության անարդյունավետության մասին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երկու եպիսկոպոսների՝ Արշակ եւ Միքայել սրբազանների մասնակցությամբ այսօր Մայր Աթոռում հանդիպեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնող խմբի անդամների՝ Սուրբ Գայանե եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Կորյունի, եւ ակտիվիստ Կարեն Պետրոսյանի հետ: Նախ, խմբի անդամներն առաջարկեցին հանդիպումը հեռարձակել ուղիղ եթերում: Սակայն, ինչպես նշեց Կարեն Պետրոսյանը, անսալով հարգված որոշ եպիսկոպոսներին, համաձայնեցին փակ հանդիպման նրանց խնդրանքին։ Շուրջ 1ժամ տեւած փակ հանդիպման ընթացքում խմբի անդամները փաստեր են ներկայացրել՝ թե ինչու են պահանջում կաթողիկոսի հրաժարական, հորդորել են հովվապետին ինքնակամ լքել Հայրապետի աթոռը:

Ակտիվիստները փոխանցում են, որ կաթողիկոսը, լսելով իրենց պնդումները, հեռացել է սենյակից, իսկ իրենք՝ լքել Մայր Աթոռը: Ի՞նչ կլինի վաղը. ակտիվիստները հայտարարում են, որ շարունակելու են իրենց պայքարը մինչեւ պահանջի կատարումը, կոչ անում, իրենց իսկ ձեւակերպմամբ, հարգված եպիսկոպոսներին ազդել Գարեգին Երկրորդի վրա՝ հրաժարական ներկայացնելու համար:

Ովքեր են Կաթողիկոսի հրաժարական պահանջողները: Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցոում նշեց, որ այսօր, տարբեր շահերից ելնելով, քննադատում են Եկեղեցին եւ առաջնորդին այն անձիքն, ովքեր առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն անգամ:

«Մարդը հանրային հարթակը օգտագործում է՝ ունենալով վարկաբեկված անցյալ սուտ մատնության համար, ասում է՝ եկեղեցում կան մանկապիղծներ, ինքը փաստեր ունի, բայց ապացույցներ չունի: Տարրական անգրագիտութուն»:

Ըստ տարբեր օգտատեր հոգեւորականների ՝ «Հուդա, համբուրելով էս մատնում» վերտառությամբ գրառումների՝ այո, եղեղեցում կան բացթողումներ, բայց եկեղեցու համար և մեր Հայրենիքի համար ցավող մարդը երբեք այս ճանապարհը չէր բռնի:  Հայր Սուրբ Զարգարյանն իր հերթին ցավում է նման զրույցների համար, բայց եւ ընդգծում, որ այսօր կան քննադատության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, այո, առաքելական եկեղեցու վարդապետությունը, Աստծո խոսքը արդի բառապաշարով ներկայացնելու պահանջ, ու ինչպես ցանկացած քրիստոնյա, հոգեւորականը նույնպես ապաշխարելու կարիք ու անհրաժեշտություն ունի, բայց նման հերյուրանքներով վարկաբեկվում է միլիոնավոր մարդկանց համար գերարժեք Հավատը, էապես վտանգելով ազգային շահը:  

Իսկ «Նոր Հայասատան, Նոր Հայրապետ»   նախաձեռնողական խմբի անդամները շարունակելու են իրենց պահանջը՝ շրջելով գյուղ առ գյուռ, համայնք առ համայնք:

Back to top button