Հասարակություն

Լուսաձորցիները ոգեւորված են թավշյա հեղափոխությամբ

Տավուշի մարզի Իջևանի տարածարջանի Լուսաձոր սահմանամերձ համայնքի ամենացավոտ խնդիրն, ինչպես Հայաստանի բոլոր մարզերում՝ աշխատատեղերի բացակայությունն է ու դրանից բխող արտագաղթը: Համայնքում կաթի արտադրության հիմնադրամ է գործում, բայց աշխատատեղերի խնդիրն այն ամբողջությամբ չի լուծում:

Լուսաձորցիներն իրենց խնդիրների լուծումն ակնկալում են Հայաստանի նոր իշխանությունից ու մասնավորապես իրենց համերկրացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից:  Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ Իջևանի տարածաշրջանի համայնքներ կատարած այցի ընթացքում Ռադիոլուրը ծանոթացել է Լուսաձորցիների խնդիրներին ու ակնկալիքներին։

Տավուշի մարզի Լուսաձոր համայնքն ունի 750 բնակիչ, որից 150-ն այս տարի արտագնա աշխատանքի է մեկնել: Համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասում է, որ նախկինում ծխախոտագործության լավ ավանդույքներով հայտնի գյուղի հիմնական խնդիրն այսօր աշխատատեղերի բացակայությունն է:

Գյուղի հիմնական դպրոցում 29 աշակերտ է սովորում, այս տարի 5 շրջանավարտ են ունեցել: Համայնքն ունի 170 հեկտար վարելահող, որի 50 հեկտարը հատկացրել են 2012 թվականից համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» կաթի արտադրությամբ զբաղվող հիմնադրամին: Վերջինը Եվրոպայից բերած իր կովերի համար այդ տարածքում խոտ է աճեցնում։

Հիմնադրամում Լուսաձորից 15 ընտանիք է աշխատում, սակայն համայնքի զբաղվածության խնդիրը սրանով, իհարկե, չի լուծվում: Հանրապետական գյուղապետը խոստոնավում է, որ իրենց գյուղն էլ ոգևորվել է թավշյա հեղափոխությամբ:


Առաջիններից մեկն է եղել, որ արձագանքել է ցույցերին, չնայած անձամբ դրանց չի մասնակցել: Այդուհանդերձ, Լուսաձորի ղեկավարը կարծում է, որ իշխանությունից բացի մարդիկ էլ փոխվելու կարիք ունեն:

Համայնքում  ծնելիությունը նվազում է, և սա  անհանգստացնում է գյուղապետին: Ի դեպ, այս խնդրին մենք առնչվեցինք համայնքի բնակիչների հետ տարբեր զրույցներում: Ծնելիության անկման ցուցանիշն այստեղ պայմանավորված է ոչ միայն  սոցիալական, այլև առողջապահական խնդիրներով:

Մի ընտանիքում հյուրընկալվեցինք, որտեղ երիտասարդ երկու հարսներն այս պահին բուժվում են, որպեսզի կարողանան երեխա ունենալ։

Լուսաձորի բնակիչների մտահոգության առանցքում, ինչպես արդեն նշվեց, աշխատատեղերի բացակայությունն է: Տիկին Սուսաննան ևս դրանից է դժգոհում, իսկ ամուսինն արդեն մի քանի տարի է, որ արտագնա աշխատանքի էլ չի մեկնում, առողջական խնդիրները թույլ չեն տալիս, ասում է։


Իջևանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքը, այդուհանդերձ, լցված է լավատեսությամբ: Թավշյա հեղափոխությունն այստեղ շատերին է ոգևորել։


Ի դեպ, հունիսի 1-ին Լուսաձորի գյուղապետարան կատարած այցի ժամանակ կարդացինք պատուհանին փակցրած հայտարարությունը՝ մայիսի 31-ին համայնքապետարանում ժողով հրավիրելու առնչությամբ:

Համայնքապետ Վարդան Սարդարյանը պարզաբանեց՝ «Ելք» դաշինքի Իջեւանի մի խումբ անդամներ հանդիպել են գյուղի բնակիչների հետ ու  լսել նրանց խնդիրները:

Back to top button