Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է գործունեության ծրագիրը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր հաստատել է գործունեության ծրագիրը: Այն հունիսի յոթին կներկայացվի խորհրդարան։

Այսօր գործադիրը նախագիծը  ներառել էր չզեկուցվող հարցերի շարքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ իրենք  արդեն քննարկել են, իսկ հրապարակային քննարկումները կծավալվեն խորհրդարանում:

Կառավարության նիստի զեկուցվող հարցերի գերակշիռ մասը  պաշտոնանկություններն ու նոր նշանակումներն էին:

 

Տասը մարզից ութն արդեն նոր ղեկավար ունի: Այս պահին նոր նշանակումներ չկան միայն Սյունիքում ու Արմավիրում: Հատկանշական է, որ ութ մարզպետների նշանակումներից միայն վեցի նախագծերն էին ներառված կառավարության նիստի օրակարգում:

ՀՅԴ-ն այս կառավարությունում ունի երկու մարզպետ՝ Արագածոտն վերադարձավ Աշոտ Սիմոնյանը: Գեղարքունիքի մարզի կառավարումը վստահվեց  Իշխան Սաղաթելյանին: Նշանակված մարզպետների հիմնական մասը կամ ՔՊ  վարչության անդամ է, կամ՝ համակիր, ինչպես, օրինակ, Վահե Ղալումյանը ՝  Տավուշի նորանշանակ մարզպետը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր է, բայց դեռ անդամ չէ: ՔՊ անդամ է Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա այս պաշտոնում փոխարինում է  Կարապետ Գուլոյանին՝ ԲՀԿ կուսակցության առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի փեսային: Այս մարզը ավանդաբար համարվում է,  այսպես ասենք, ԲՀԿ-ական մարզ: Ինչպե՞ ս է Պետրոսյանն աշխատելու այս մարզում:

«Առաջին քայլը մարզի խնդիրներին ծանոթանալն է»,- ասաց: Այս պահին չի կարող հստակեցնել՝ չարաշահումների բացահայտումների հետքերով կգնա՞ն, թե՞ ոչ:

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է նաև Գարիկ Սարգսյանը: Նա Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարն էր, այժմ կղեկավարի նույն մարզը:  Այս մարզը ղեկավարում էր նախկին դաշնակցական, իսկ վերջին տարիներին ՀՀԿ համակիր Արամայիս Գրիգորյանը : Նորանշանակ մարզպետը  անելիքներ շատ ունի։

Մարզի ղեկավարը չբացառեց՝ չարաշահումների հետ կապված բացահայտումներ գուցե լինեն, նաև խոստացավ՝  հասանելի ղեկավար է լինելու բնակիչների համար: Իր փոխարեն համայնքի ղեկավարի թեկնածու ունի՝ ՔՊ-ից,  այս պահին, փակագծերը չի բացում: Այս մարզում մի քանի  համայնքի  ՀՀԿ-ական ղեկավար հրաժարվել են  կուսակցությունից:

ՔՊ անդամ է նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը: Շիրակն ավանդաբար համարվում է  ամենաաղքատ մարզը: Այսօր իսկ կծանոթանա աշխատակազմի հետ:

Կարեն Սարուխանյանը արտահերթ ընտրությունների կազմակերպման որևէ հանձնարարական վարչապետից չի ստացել: Նախկին ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ, նա Վայքի քաղաքապետն էր: Հրանտ Մարգարյանը Լոռու նոր մարզպետն է։ Նա  Վանաձորի ավագանու անդամ է, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում  ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն էր: Այս պաշտոնը վստահվեց ԲՀԿ-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ  մարզպետներին:


Տասը մարզից ութը նոր մարզպետ ունի


Նրանք արդեն աշխատանքի են անցել՝ չսպասելով պաշտոնական ներկայացմանը:

Back to top button