ԿարևորՀասարակություն

ԱՄՆ դեսպանը Հանրային ռադիոյի աշխատանքը պրոֆեսիոնալ եւ ազնիվ է որակում

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել Հանրային ռադիոյին ներքաղաքական վերջին իրադարձությունները պրոֆեսիոնալ եւ ազնիվ լուսաբանելու համար։

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին հղած նամակում դեսպան Միլսը հիշեցրել է, որ նաեւ լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ էր, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ստացավ։

Դեսպանը նշել է, որ Հանրային ռադիո ցուցարարների ներխուժումը վախեցնող դրվագ էր հիմնականում խաղաղ շարժման ընթացքում՝ միաժամանակ վհատեցնող գնահատելով այն փաստը, որ ազատ մամուլին սատարողներն այդ ներխուժման դեմ բողոք չհայտնեցին։

Միլսը նաեւ արձանագրել է, որ Հանրային ռադիոն ծառայում է ոչ թե կառավարությանը, այլ հանրությանը եւ դա գնահատել է ազնիվ մոտեցում։ «Սա պատճառներից մեկն է, որը հույս է ներշնչում այս երկրի ապագայի հանդեպ»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

 

Դեսպան Միլսի նամակն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ես ուզում եմ Հայաստանում պատմական այս փուլից հետո շնորհակալություն հայտնել ձեզ եւ մյուս լրատվամիջոցներին այն աշխատանքից համար, որ կատարել է լրագրողական անձնակազմը։ Հայաստանի լրագրողների՝ վերջին իրադարձությունները պրոֆեսիոնալ եւ անկախ կերպով լուսաբանելու նվիրվածությունն այն պատճառներից մեկն էր, որը հանգեցրեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման։

Ժողովրդավարությունը հեշտ գործընթաց չէ, բայց մի բան գիտեմ, որ անկախ եւ ազատ ԶԼՄ- ները դրա անկյունաքարերից է։ Առանց ազատ, անաչառ տեղեկատվության մարդիկ չեն կարող որոշումներ ընդունել, իսկ կառավարությունը չի կարող գործել ի նպաստ բնակչության լավագույն շահերի։

Մինչդեռ Հայաստանի լրատվադաշտն ունի խնդիրներ եւ մարտահրավերներ։ Կարծում եմ, որ միասնաբար դուք պետք է պրոֆեսիոնալ հպարտության զգացում ունենաք այն աշխատանքի համար, որն արել եք այս ընթացքում։

Հանրային ռադիո ցուցարարների ներխուժումը վախեցնող դրվագ էր հիմնականում խաղաղ շարժման ընթացքում։ Նույնքան վհատեցնող է այն փաստը, որ ազատ մամուլին սատարողները բողոք չհայտնեցին այս ներխուժման կապակցությամբ։

Ես գիտեմ, որ ձեր լրագրողներից երկուսը՝ Լիանա Եղիազարյանն ու Վրույր Թադեւոսյանը բռնության են ենթարկվել եւ վիրավորվել են փողոցում աշխատելիս։ Մինչդեռ՝ նման դեպքերն ավելի շատ բացառություն էին, քան օրինաչափություն, լրագրողի նկատմամբ ցանկացած հարձակում հարձակում է ողջ քաղաքացիական հասարակության դեմ։

Այն աշխատանքը, որը դուք կատարում եք՝ զարգացնելու ռադիոկայան, որը ծառայում է ոչ թե կառավարությանը, այլ հանրությանը, ազնիվ է։ Սա պատճառներից մեկն է, որը հույս է ներշնչում այս երկրի ապագայի հանդեպ։ Ես համոզված եմ, որ դուք կշարունակեք վեր հանել հասարակությանը հուզող հարցեր եւ փնտրել հնարավոր լուծումներ։ Ես հուսով եմ, որ դուք եւ ձեր գործընկեր ԶԼՄ- ները կշարունակեն մնալ լրատվության ազատ եւ անկախ աղբյուր ընթերցողների, դիտողների, ունկնդիրների եւ հետեւողների համար»,- ասված է դեսպանի նամակում։

Back to top button