ԿարևորՔաղաքական

100-ամյակի միջոցառումներին Արա Բաբլոյանի չմասնակցելը թյուրիմացության հետևանք է. Նիկոլ Փաշինյան

Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին ԱԺ նախագահի չմասնակցելը տարբեր շրջանակներում տարաբնույթ մեկնաբանությունների եւ եզրահանգումների պատճառ դարձավ:

ԱԺ-ում ներկայումս ընդդիմություն դարձած մեծամասնության ներկայացուցիչները դա գնահատեցին որպես խտրական վերաբերմունք: Որոշ գնահատականներով էլ՝ դրանով դրվում է գործող խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրությունների գնալու հիմքը:

Այս տարաբնույթ քննարկումներին եւ տարատեսակ շահարկումներին, ըստ էության, վերջակետ դրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս մասին տված այսօրվա պարզաբանմամբ:

Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին ԱԺ նախագահի չմասնակցելը թյուրիմացության հետևանք է՝ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման, սակայն, շարունակում է քննարկվել ամենատարբեր մակարդակներով:

 

Դեռ երեկ սոցցանցերում բուռն քննարկումների թեմա դարձավ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի չմասնակցելը:

Վարչապետի աշխատակազմից եղավ պարզաբանում, որ ԱԺ նախագահը չի լինելու բարձրաստիճան պաշտոնյաների եռյակում, ինչն ԱԺ նախագահի կողմից գնահատվեց որպես ոչ պատշաճ վերաբերմունք: Կառավարության աշխատակազմից չուշացավ նաեւ մեկ այլ պարզաբանում-հիմնավորում: Էդվարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել և որպես «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, և որպես ԱԺ նախագահ:

Սրան իր հերթին արձագանքեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ֆեյսբուքյան իր  գրառմամբ նշելով, որ ստիպված է առավել մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը և արարողակարգային ավագությունը։

Այսօրինակ քննարկումներին ու հեռակա բանավեճերին, ըստ էության, այսօր վերջակետ դրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խնդրին վարչապետը հայտարարեց, որ Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին ԱԺ նախագահի չմասնակցելը թյուրիմացության հետևանք է համարում:

«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել: Ես կարծում եմ, որ անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է։ Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ… Ես հասկանում եմ, որ Հայաստանում բոլոր հարցերը վարչապետի մակարդակով են քննարկել և լուծել, ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ՝ ով ինչ հագնի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն»:

Վարչապետի խոսքով՝ համակարգը, հավանաբար, գործում է նախկին իներցիայով, երբ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու.

«Այդ տրամաբանությունը չպետք է գործի: Ես ասեմ, որ, ընդհանուր առմամբ, երեկվա միջոցառումը, ընդունելի եւ հասկանալի լինելով, որոշակի խնդիրներ ունեցել է: Անընդունելի բաներ կային, կային նաև թյուրիմացություններ։ Համոզված եմ, որ առաջիկայում կշտկվեն։ Նաև համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու»:

Արտահերթ ընտրությունների թեման, սակայն, շարունակում է մնալ ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկը: Սա հասկանալի է նաեւ այն հանգամանքից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում հայտարարել է, որ այս կառավարությունն, ըստ էության, անցումային, ժամանակավոր կառավարություն է, որի առանցքային խնդիրներից մեկը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը: Չնայած դրա՝ ՀՀԿ-ում շարունակում են համարել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն ամենեւին էլ չկա: ՀՀԿ մամուլի խոսնակ  Էդուարդ Շարմազանովը այսօր տված հարցազրույցներից մեկում կրկին շեշտել է այդ միտքը, ապա հավելել, որ այս պահին արտահերթ ընտրությունների միակ տարբերակն է՝  եթե կառավարությունը պատրաստվում է որպես ծրագիր ԱԺ բերել դատարկ թուղթ:

Ավելի վաղ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էր հայտարարել, որ իրենք պատրաստվում են 2022 թ.-ի խորհրդարանական հերթական ընտրություններին: Գործող իշխանության ներկայացուցիչները, սակայն, համոզված են, որ ընտրությունները լինելու են արտահերթ՝ մինչեւ տարեվերջ: Այդ մասին «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, օրինակ, երեկ էլ շեշտեց՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: Ասաց, որ մինչ արտահերթ ընտրություններն էլ ցանկանում է մնալ խորհրդարանում:

Թե ի՞նչ մեխանիզմով է պատկերազնում արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ Սասուն Միքայելյանը չմանրամասնեց: Հերքեց միայն ժողովրդական ճնշման հավանականությունը:

Այն, որ այսօր խորհրդարանի ներկայացրած հարաբերակցությունն ակնհայտորեն չի ներկայացնում մեր իրողություններին՝ դա փաստ է: Լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասաց դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նաեւ շեշտեց, թե՝ ցանկացած ընթացք, ցանկացած գործողության հիմքում միմիայն հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստանի քաղաքացու բարօրությունը եւ անվտանգությունը պետք է լինի, ապա հետեւյալ համոզմունքը հայտնեց.

«Համոզված եմ, որ մեր նոր կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ սկզբունքներով է շարժվելու առաջ»:

Կարծում եմ, որ, բոլոր դեպքերում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են, սակայն, թե ե՞րբ, ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ հիմնական գործողություններ անելուց հետո պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, ես կարծում եմ, նաեւ կառավարության առաջիկա ծրագրի ժամանակ վարչապետն առավել մանրամասն կներկայացնի՝ հավելեց դաշնակցական նախարարը: Առավել եւս՝ երբ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում՝ եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button