ԿարևորՔաղաքական

Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը

Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցվեց նրանց առաջխաղացումը:

Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». Այս խոսքերով ձևավորվեց Հայաստանի անկախության հռչակագիրը:

Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան), ձևավորեց կառավարություն (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի):
Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այսօր ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի հանրապետության ողջ տարածքով, ինչպես նաև` Արցախում:

Back to top button