Հասարակություն

Ովքեր կտուժեն տուգանքների համաներումից

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով  վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխություններն ու դրանց հնարավոր հետևանքները շարունակում են ակտիվորեն քննարկվել սոցիալական ցանցերում ու  մամուլի ակումբներում:

Շատերը նախաձեռնությունը ողջունում են, բայց քիչ չեն նաև մտահոգությունները: Ոստիկանությունն առաջարկում է չեղարկել 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները: 

Դրանք այն տուգանքներն են, որ գոյացել են վերջին հինգ տարվա ընթացքում: Ոստիկանության պարզաբանմամբ, քայլը կատարվել է քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով:

Մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես` մի շարք վարչական զանցանքների հայտնաբերման դեպքում իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ոստիկանությունն առաջարկում է չեղարկել  վերջին հինգ տարվա  ընթացքում գոյացած 13,7 մլրդ դրամի չափով տուգանքները:

Ոստիկանության  հայտարարությունը մամուլում ու սոցիալական ցանցերում ոչ միանշանակ արձագանքների է արժանացել. մի մասը ողջունում է վարորդների սոցիալական բեռը թեթևացնելուն ուղղված ոստիկանության քայլը, մյուս մասին մտահոգում է կարգազանց վարորդների հանդեպ ցուցաբերվող մեծահոգությունը, որը կարող է բացասաբար ազդել  ճանապարհային երթևեկության վրա: Ոմանք էլ հարց են բարձրացնում՝  ինչո՞ւ մի հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ համաներում կիրառվում է, մյուսի նկատմամբ`ոչ:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ  Տիգրան Քեյանը համոզված է՝ ճանապարհային երթևեկության վրա որոշումը ոչ դրական, ոչ էլ բացասական ազդեցություն ունենալ չի կարող, փոխարենը.

«Անհեթեթ խախտումներն ու դրանց համար նախատեսված տուգանքները իսկապես շատ են: Դա խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների, այլև վարչական դատարանների համար, որոնք աշխատում են գերծանրաբեռնցվածությամբ»,-ասում է  փաստաբան  Գագիկ Մելիքյանը:

Գագիկ Մելիքյանի  բնորոշմամբ, վարչական պատասխանատվության վերանայումը վերջապես կբեռնաթափի գերծանրաբեռնված դատարանները: Վարչական դատարանների բեռնաթափմանն ու քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը դեմ չէ «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը: Հրապարակված հայտարարության մեջ նա այլ խնդիրներ է տեսնում:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով համաներման գաղափարը լավ է, բայց:

«Մարդիկ, որ վճարել են միլիոններով, մատ եղան: Պետք է վերադարձնել այդ գումարները»:

«Հայաստանում ճանապարհային երթևեկության խնդիրները կարգավորելու նախապայմանը ոչ թե տուգանքներն են ու գրպանին հարվածելու միջոցով խնդիրը կարգավորելու քաղաքականությունը, այլ ավտոդպրոցները»,-խորապես համոզված է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը:

Հակառակ դեպքում, ըստ Շահնազարյանի,  կունենանք այն, ինչ ունենք այսօր, այսինքն՝ չափազանց մեծ թվով զոհեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով:

Back to top button