Քաղաքական

Ինչ կառավարություն է մեզ սպասվում ապագայում


ՀՀ կառավարության առաջին նիստը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կկայանա վաղը: Նիստից հայտնի դեռեւս ամենակարեւոր նորությունն այն է, որ գործադիր մարմինը վերադառնալու է բաց աշխատելու ռեժիմին:

Կառավարության նիստերը «դռնբաց» անցկացնելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ վարչապետի թեկնածու եղած ժամանակ:

Կառավարության առաջնային խնդիրներն են՝ ըստ Սահմանադրության ժամանակացույցի՝ կառավարության ձեւավորումը, որին հատկացված է 15- օրյա ժամկետ եւ կառավարության ծրագրի ներկայացումը 20 օրյա ժամկետում: Փորձենք հասկանալ, թե ինչ կառավարություն է մեզ սպասվում ապագայում:

 

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից քննարկումներ է սկսում բոլոր խորհրդարանական ուժերի հետ, որի արդյունքում կձեւավորի «համաձայնության»  կառավարություն: Այդպես է պատկերացնում իր կաբինետը նորընտիր վարչապետը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ արդեն հայտարարել է՝ իրենց կուսակցության անդամ նախարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս չեն կազմի: Ասել է, թե հանրապետականը չի ցանկանում կիսել «համաձայնության» կառավարության ստանձնած պատասխանատվությունը: Խորհրդարանական մյուս ուժերը թերեւս բաց են քննարկումների համար, թեեւ նախապես հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանին իրենց ձայները տվել են առանց որեւէ ակնկալիքի: «Ծառուկյան», Դաշնակցություն եւ «Ելք» խմբակցությունների ղեկավարները խոստովանում են՝ պորտֆելների մասին Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ հանդիպումներում չեն խոսել:

Կառավարության ձեւավորման նպատակով անցկացվող բանակցությունները երկար չեն կարող տեւել: Սահմանադրության համաձայն` վարչապետ նշանակվելուց հինգ օր հետո վարչապետը պետք է նախագահին ներկայացնի առաջին փոխվարչապետի եւ փոխվարչապետների անունները: Նախատեսված ժամկետը լրանում է մայիսի 13-ին: Առաջին փոխվարչապետի պաշտոնը, սակայն, նոր կառավարությունում պահանջված չէ, անգամ խոսակցություններ կան, որ վարչապետը չի բացառում այդ հաստիքի լուծարումը: Արդյունքում՝ մնալու է երկու փոխվարչապետ: Այս պաշտոնների համար հավանական թեկնածուների անուններ դեռ չեն շրջանառվում:

Թեեւ ակնարկներ կան, որ ներկայումս փոխվարչապետի պաշտոնակատար հանդիսացող Վաչե Գաբրիելյանի հետ աշխատելուն նորընտիր վարչապետը դեմ չէ: Համաժողովրդական պայքարի օրերին Նիկոլ Փաշինյանի կողքից չհեռացող պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում կա եւս մի ակնարկ՝ հրապարակված է նրա հետ լուսանկար, որի վերեւում գրված է. «մեր նախընտրած փոխվարչապետի հետ»: Նոր կառավարության ապագա աշխատանքների մասին հստակ պատկերացումներ ունի եւ շտապես խոսել է դրա մասին:

Ի դեպ, հենց Միրզոյանն էր Փաշինյանից առաջ ընկել եւ դաշտ նետել լուրը, թե ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի լավ թեկնածու է: Վարչապետն այս առումով որեւէ հաստատումներ չի անում: Երեկ Ստեփանակերտում պարզապես նշեց՝ ուժային կառույցների ղեկավարների մասով մի քանի տարբերակ ունի: Դրանք քննարկելուց հետո՝ կներկայացնի թեկնածուներին: Թերեւս նախկին ակտիվ գործունեությունից ելնելով՝ շրջանառության մեջ են նաեւ պատգամավոր Լենա Նազարյանի եւ ավագանու անդամ Արարատ Հարությունյանի անունները:

Առաջինին դիտարկում են որպես բնապահպանության նախարարի հավանական թեկնածու, երկրորդին տեսնում են կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուի կարգավիճակում: Իրականում, իհարկե, այս ամենը կարող է եւ իրականություն չդառնալ՝ վարչապետը խոսք է տվել կադրային ջարդ չիրականացնել եւ պահել պրոֆեսիոնալներին։ Այսինքն՝ հնարավոր է նախարարներից ոմանք պահպանեն իրենց պորտֆելները, բայց կա խորհրդարանական այլ ուժերի հետ համաձայնության գալու խնդիրը:

Բացի այս ամենը՝ նախկին պաշտոնյաներն առաջարկում են իրենց օգնությունը նոր կառավարությանը: Առաջիններից էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ֆեյսբուքի» միջոցով փոխանցել է՝ առանց հավակնությունների առաջարկում է օգնություն՝ առաջիկա 1-2 օրում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը փոխանցել արդեն պատրաստի ծրագիր: Արձագանքների մասին հայտնի չէ, բայց հայտնի է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ մտադրության մասին՝ վերացնել սուպերվարչապետական համակարգը: Այսինքն՝ կառավարության կառուցվածքի վերանայման հավանականություն կա: Դրա անհրաժեշտության մասին խոսում է նաեւ ԿԲ-ի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

Ամեն դեպքում, ժամանակավոր կամ ինչպես այժմ ասում են «համաձայնության» կառավարության ձեւավորումը պետք է ավարտվի վարչապետի ընտրվելուց հետո 15-օրյա ժամկետում՝ մինչեւ մայիսի 23-ը: Նիկոլ Փաշինյանը նախապես մեկ այլ ազդակ եւս տվել էր՝ բացառում է, որ ապագա կառավարությունում օլիգարխները տեղ զբաղեցնեն:

Back to top button