ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունը

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում զինվորական շքերթով այսօր մեկնարկել է Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարությունը:

«Հաղթանակ» զբոսայգի այցելեցին և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տոնական միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային անվտանգության պետ Գեորգի Կուտոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Պաշտոնյաների հետ էր նաև արդեն հրաժարական տված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անմար կրակի մոտ հոգեհանգստի աղոթք կարդաց Հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի համար:

  

«Մեր երկրում երեկվանից շատ բան է փոխվել։ Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան՝ երեկ», — լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արմեն Սարգսյանը։

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ։ Իմ ներդրումն անպայման պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, հույս ունեմ, որ վաղն, իսկապես, ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է», — ասել է ՀՀ նախագահը։

Back to top button