Հասարակություն

Հեղափոխությունը՝ զբոսաշրջիկների աչքերով


Հայաստանում արդեն մեկ ամիս տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին են հետևում նաև  արտերկրից ժամանած զբոսաշրջիկները: «Ռադիոլուրն» է զրուցել նրանց հետ ու  լսել  հայաստանյան հեղափոխության նկատմամբ իրենց կարծիքը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշում է, որ հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններին ընթացքում տարբեր չվերթներ են չեղարկվել։ Եղել են նաև, որ հենց օդանավակայանից զբոսաշրջիկները հետ են վերադարձել: Սակայն դրան կան նաեւ դեպքեր, երբ զբոսաշրջիկներն էին մասնակցում ցույցերին:

«Իմ ենթադրությունը, որ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին որոշակի անկում կնկատենք, ավելի ճիշտ ցույց կտան թվերը: Անմիջական ռեակցիան միշտ բացասական է անդրադառնում: հետագայում, եթե ամեն ինչ խաղաղ ավարտվի, ես հույս ունեմ, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի , մենք ցույց տվեցինք, որ մենք  խաղաղասեր ժողովուրդ ենք, ապա ինչ որ հաղորդվում է Հայաստանի մասին ամբողջ  աշխարհին, սա կունենա նաև դրական հետևանքներ»: 

Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն արձագանքում հայաստանյան հեղափոխությանը, փորձել եմ պարզել հենց նրանցից: Դանիայից ժամանած  Փիթ Ուեյը  արդեն մեկ շաբաթ է Հայաստանում և հետևում է այստեղ  տեղի ունեցող իրադարձություններին: Տեղաշարժման հետ կապված անհարմարություններ ունեցել է, որոշ շրջագայություններ չեղարկվել են, սակայն չի դժգոհում:  Ողջունում է ժողովրդավարական խաղաղ պայքարը. Իրենց իրավունքների համար են պայքարում՝ ասում է:

«Շատ ուրախ եմ, որ ակտիվ պայքարում են: Եթե կառավարությունը սխալ է և այդքան մարդ էր պայքարում, ողջունում եմ»:

Լեհաստանից ժամանած Ջորջ Կանջևսկու երրորդ այցն է Հայաստան: Իրադարձությունների   ականատեսը երկրորդ շաբաթն է անցկացնում այստեղ:  Կարդացել է հեղափոխությունների մասին, սակայն ոչ խաղաղ բնույթի: Զարմացած է, որ Հայաստանում կարող են  համերաշխությամբ  համախմբվել մեկ գաղափարի շուրջ:

«Հեղափոխություն  ասելով պատկերացնում ենք  հետևանքները: Սակայն այստեղ շատ հանգիստ, խաղաղ, անվտանգ իրադարձություններ էին: Կարող էինք փողոցներով  հանգիստ քայլել, ընկերներ ունեմ, որոնք  մասնակցել են: Կարծում եմ կհաղթի արդարությունը»:  

Արդեն մեկ շաբաթ Հայաստանում արձակուրդներն անցկացնող  Լոնդոնից ժամանած Հիլն էլ չէր տեսել ու լսել նման հեղափոխության մասին: Հայաստանում իրեն այս օրերին  ապահով է զգացել, օտարերկրացի հյուրը դժգոհեց  միայն մեքենաների ազդանշաններից;

«Հայաստան էքսկուրսիաս  նույնիսկ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր էր: Ուրախ եմ, որ պատմության մեջ գրվող այս իրադարձության ականատեսն եմ եղել»:

Ներքաղաքական յուրաքանչյուր իրադարձություն անդրադառնում է զբոսաշրջության ոլորտի վրա, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց «Պլանետա թրեվլ» ընկերության  տնօրեն Արմեն Երանոսյանը: Զբոսաշրջիկների որոշ քանակությունը նույնիսկ դադարեցրել է Հայաստան այցելությունը: Սակայն այն զբոսաշրջիկները, որոնք արդեն այդ օրերին Հայաստանում էին, նրանց մոտ կարծիքը Հայաստանի մասին փոխվել է  դրական: Մեծ հարգանքով են  վերաբերվել  ժողովրդի պայքարին:

«Նման տիպի ժողովրդական ցույց, ընդվզում իշխանության դեմ, միևնույն  ժամանակ իշխանության  նման հանդուրժողականություն  ժողովրդի նկատմամբ, դա բնականաբար բարձրացրեց մեր վարկանիշը , մեր հասարակության դերը որպես ձևավորված հասարակություն, որպես   ձևավորված երկիր: Դրանում անխոս մենք առաջընթաց ունեցանք»:

Առաջացած դժվարությունն էլ հարթվել են զբոսավարների ու ճանապարհներն արգելափակող մեր քաղաքացիների կողմից:

Back to top button