Հասարակություն

«Հանրային ռադիոյի» լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

«Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի մամուլի բաժնից հայտնում են, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանն ապրիլի 22-ին հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ իր կողմից լրագրողական գործունեություն կատարելու ժամանակ դիմակավորված, քաղաքացիական հագուստով անհայտ անձիք մահակներով հարվածել են իրեն, ոլորել ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Բացի այդ, հափշտակել են իր «IPad Air 2» տեսակի պլանշետը և «Samsung Galaxy J7» տեսակի բջջային հեռախոսը՝ դրանով խոչընդոտելով իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը, այնուհետև մահակներով հարվածել և վնասել իրեն պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որն ստացվել և վարույթ է ընդունվել Քննչական կոմիտե։

Քննության ընթացքում Վ.Թադևոսյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նշանակվել են դատաապրանքագիտական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Back to top button