Հասարակություն

Հայոց գողգոթայի ճանապարհը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացմամբ

Ի՞նչ են զգացել մեր նախնիներն օրինակ՝ Դեր Զորի անապատը հաղթահարելիս կամ Արեւմտյան Հայաստանի այլ տարածքներից տեղահանվելիս: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգումից հետո նորովի ներկայացված ցուցադրությունների շնորհիվ ամեն ինչ արվել է փոխանցելու համապատասխան մթնոլորտը:

Այն ժամերի ու րոպեների ընթացքում, որ թանգարանի այցելուներն անցնում են 2 500 քառակուսի մետրից ավելի տարածքը, հետեւում են նույն այն ճանապարհով, որով անցել են մեր նախնիները՝ մահից դեպի փրկություն ճանապարհը:

Ու թանգարանը մեզ պատմական այդ շրջանն է տեղափոխում տեսանյութերով, սլայդերով, վերապրածների տարբեր ձայնագրություն-հիշողություններով: 1995 թվականին հիմնված թանգարան- ինստիտուտը հիմնանորոգվեց եւ այցելուների առաջ դռները վերաբացեց 2015-ին:  Այսօր արդեն այցելությունն այս թանգարան ընդգրկված է զբոսաշրջիկների էսկուրսիաներում եւ բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաների այցելությունների ծրագրում:

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարան յուրաքանչյուր մտնող առաջինը տեսնում է  Սահակյան վարժարանի սանուհիների լուսանկարը: Ավելի քան 30 երեխա, գեղեցիկ համազգեստով, լուսավոր դեմքերով, ուսուցիչների հետ ողջունում են յուրաքանչյուր այցելուին, իսկ էքսուրսավարն անպայման ասում է. «հիշեք այս դեմքերը, դուք նորից հետո նրանց կհանդիպեք»:

Ահա այստեղից էլ սկսում է թանգարանի հսկա 2.5 հազար քառակուսի մետրից ավելի տարածքը եւ 90 հազարից ավելի ցուցանմուշները, որի հաղթահարման ճանապարհին այցելուն անպայման կունենա գաղթի ճանապարհն անցնողի զգացողություն: Ու այդ զգացողությունը նրանց կփոխանցվի տեսանյութերով, սլայդերով եւ վերապրածների տարբեր ձայնագրություն-հիշողություններով: Ի դեպ՝ հիշողությունները այցելուները կարող են լսել այն ժամանակ, երբ հոգնել են՝ հանգստի համապատասխան վայրը հագեցած է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

2015-ին հիմնանորոգված թանգարանում կա մի քանի ցուցասրահ, բայց դրանցից մեկը բոլորի առջեւ չէ, որ բացում է դռները: Թե ինչու՝ «Ռադիոլուրին» պարզաբանեց թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:

Այս պահին ինձ ընձեռվել է եւս մեկ եզակի հնարավորություն: Թանգարանի ստորին հատված, իհարկե, համարձակություն չունեմ իջնելու, բայց խնդրել եմ ցուցադրել այն մատյանները, որտեղ թանգարանի այցելուները գրում են իրենց տպավորությունները: Այստեղ՝ թանրգարանում մատյանների համար ստեղծված է հատուկ պահոց, որը Մատենադարանի պահոցից ավելի փոքր է չափերով, բայց գործում է նույն սկզբունքով: Կողմնակի անձանց մուտքը պահոց իհարկե արգելված է, այնտեղ չեմ մտի նաեւ ես, բայց ահա այս պահին պահոցից կհանեն ընդամենը մի քանի մատյան:

Առաջին գրառումը հայոց ցեղասպանության թանգարան-ինստուտի գրանցամատյանում կատարվել է 1996 թվականի հունվարի 22-ին: Գրառումը օտարալեզու է՝ անգլերեն, բայց ով է դրա հեղինակը պարզ չէ, ընթեռնելի էր միայն նրա անուն ազգանունը:


Երկրորդ գրառումն արդեն հայերենով է, ըստ ամենայնի՝ չորս հոգանոց խմբի կողմից, քանի որ վերջում դրված է 4 տարբեր ստորագրություն՝ կրկին առանց անունների: թե ինչ էին ցանկանում ասել այս այցելուները խնդրեցի ընթերցել թանգարան-ինստիտուտի ֆոնդապահ Սերինե Մուրադյանին:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի այցելությունը ոչ միայն պարտադիր ընդգրկվում է զբոսաշրջիկների ճանաչողական էքսկուրսիաների մեջ, այլեւ պետական պաշտոնական այցերով Հայաստան ժամանող բարձրաստիճան պաշտոնյաների ծրագրերում: Բայց արարողակարգը նրանց թույլ է տալիս ինքնուրույն որոշել՝ ցանկանո՞ւմ են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, թե՞ ոչ: Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պատվիրակությունները հրաժարվել են արարողակարգի այդ կետից՝ անձնական, քաղաքական կամ ինչ- որ այլ հիմնավորումներով: Ամեն դեպքում՝ մեկ մատյան չէ, որ պահպանում է աշխարհի տարբեր երկրների ղեկավարների գրառումներն ու նրանց ասելիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Պաշտոնյաների համար նախատեսված մատյաններից վերջինը դեռ չի մշակվել եւ չի տեղափոխվել պահոց: Այն բացվել է 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին:

Առաջին գրառումը այնտեղ Սերժ Սարգսյանինն է:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նպատակը, սակայն, բացառապես Մեծ եղեռնի վայրագությունների ներկայացումը չէ: Թանգարանի աշխատողները հավաստիացնում են, որ այցելուներն այստեղից հուսալքված չեն դուրս գալիս: Վերջին ցուցասրահում ներկայացվում է այն ամենը ինչը փաստում եւ վկայում է  «վերապրումը» եւ  այն նոր կյանքը, որը շարունակեց կերտել հայ ժողովուրդը տարբեր տարիներին՝ Սփյուռքի հայրենակիցների հետ միասին:

Back to top button