ԿարևորՔաղաքական

Կիրո Մանոյանն ապրիլի կրկնություն մոտ ապագայում չի տեսնում

Տարածաշրջանային զարգացումները մեզ պետք է զգոն պահեն, քանի որ ապակայունացումը տարածաշրջանում կարող է ազդեցություն ունենալ նաեւ մեզ վրա: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ այլեւս գաղտնիք չէ, որ Սիրիայում ոչ թե Սիրայի հարցերն են, այլ կան այնպիսի ուժեր, որոնք իրականում իրենց հակամարտությունը տեղափոխել են Սիրիա եւ, հետեւաբար, Սիրիայի հարցի կարգավորումը պարզ ու հեշտ չի երեւում: Պետք է հետեւել եւ անհրաժեշտության դեպքում ճիշտ կողմնորոշվել, երբ հարցերն ուղղակիորեն առնչվեն մեզ՝ նշել է Կիրո Մանոյանը:   

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը նկատում է, որ ստեղծված իրավիճակում փոքր երկրներին դժվար է սեփական քաղաքականություն վարելը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ  Հայաստանը պետք է ավելի շեշտակի դնի իր շահը, որը որեւէ ձեւով կապված չէ այլ երկրների հետ:

Հակառակ դեպքում՝ տարածաշրջանում մեծ տերությունների շահերի առճակատումից կորուստով դուրս կգանք, կարծիք է հայտնել Հովհաննես Իգիթյանը: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ մեր գործընկեր Կարեն Ղազարյանն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մյունխենյան անվտանգային համաժողովի ելույթի որոշ շեշտադրումների:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Կիրո Մանոյանը նկատեց, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրումը պարտադիր չէ, որ անպայման բխում է մեր շահերից, իսկ ահա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների խիստ սրումը հաստատ չի բխում մեր շահերից: Մտահոգիչ է Իրանի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքը: Ապակայունացած Իրանը, մեր շահերի տեսակետից, բացասական կարող է լինել՝ նկատեց վերլուծաբանը: Նա կարծում է, որ չնայած այս բարդ վիճակի, Հայաստանը պետք է փորձի լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ էլ՝ ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, Իրան:

«Մենք որեւէ մեկի հետ չենք՝ ուրիշի դեմ լինելու համար: Մենք եթե մեկի հետ ենք, մեր համար ենք մեկի հետ: Այս տարբերությունը կարեւոր է, որ միշտ նկատի ունենանք»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում ոչ մեծ երկրներին դժվար է սեփական քաղաքականություն վարելը: Այդուհանդերձ, նա հետեւյալ կարծիքին է.

«Հայաստանը պետք է ավելի շեշտակի դնի իր շահը: Ընդ որում՝ շահը, որը որեւէ ձեւով կապված չէ այլ երկրների հետ: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի: Հակառակ դեպքում՝ տարածաշրջանում մեծ տերությունների շահերի առճակատումից կորուստով դուրս կգանք»:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահի ունեցած ելույթին: Ըստ նրա՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ դրանք այլեւս Հայաստանի համար արժեք չունեն եւ մինչեւ գարուն առ ոչինչ կհայտարարվեն: Ինչ վերաբերում է՝ «նոր պայմաններում նոր բանակցությունների» անհրաժեշտության վերաբերյալ ձեւակերպմանը.

«Ոչ թե կոնկրետ նոր բանակցությունների մասին էր ակնարկում, այլ եթե Թուրքիան ասում է՝ մինչեւ Արցախի հարցը չկարգավորվի, Հայաստանի հետ հարաբերությունները չեմ կարգավորի, ուրեմն՝ Արցախի հարցի կարգավորումից հետո նոր կբանակցենք — ասում էր նախագահը»:

ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Ադրբեջանի նախագահի հայտարարությունները երբեք էլ չեն խոսում մոտ ապագայում ԼՂ հարցի կարգավորման հնարավորության մասին՝ կարծում է Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պետք է լրջորեն ընդունել: Նա անլուրջ է համարում մոտեցումները, թե դրանք ներքին սպառման համար են.

«Միջազգային հանրությունն էլ այլեւս պետք է շատ հստակ պատգամներ փոխանցի Ադրբեջանին. ուղղակի ասի, որ նման հայտարարություններն անընդունելի են: Ի՞նչ է նշանակում՝ ներքին սպառման համար է»:

Հովհաննես Իգիթյանը, մինչդեռ, նկատեց, որ այնպես չէ, թե միջազգային հանրությունը փնտրում, գտնում ու արձագանքում է նման հայտարարությունների: Ամեն ինչ արվում է աշխատանքով եւ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պաշտոնական արձագանքն էր պետք՝ ասաց:

Կիրո Մանոյանն ասաց, թե  2016-ի ապրիլի կրկնություն մոտ ապագայում չի տեսնում, բայց դա երբեք բացառել էլ պետք չէ: Ըրա կարծիքով՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամկետի առաջաձգումը նշանակում է, որ այդ ընտրություններից հետո հավանականությունը մեծ է, որ նման քայլեր ձեռնարկվի, բայց ոչ մինչեւ նախագահական ընտրություններ.

«Այսինքն՝ գիտենք նախագահական ընտրություններն Ադրբեջանում ինչպես են անցկացվելու: Դրանից հետո ուշադրությունը շեղելու համար, չէի զարմանա, որ նման քայլերի դիմի»:

Կիրո Մանոյանը կարծում է, որ համանախագահների վերջին այցից հետո էլ, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ:

Back to top button