Քաղաքական

ՀՀ- ն ակնկալում է մինչեւ 2019-ն ավարտել ԵՄ հետ համաձայնագրի վավերացումը


Առաջիկայում փոխվելու է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը: Հանձնարարականը տրվել է ընդամենը երկու օր առաջ՝ արտգործնախարարություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ:

Հասկանալի է, որ ռազմավարությունը փոխվելու է բոլոր ուղղություններով, բայց այն, թե որտեղ է հնչել հանձնարարականը, թերեւս վկայում է փոփոխության հիմնական ուղղությունների մասին:

Խորհրդարանական կառավարմամբ Հայաստանում այլեւս չի գործելու ազգային անվտանգության հին ռազմավարությունը: Փաստաթուղթը վերանայելու մասին բարձրաձայնեց դրա հեղինակներից նախագահ Սերժ Սարգսյանը: Փաստաթուղթը վերանայվելու է բոլոր կարեւորագույն ուղղություններով, բայց առանցքային ուրվագծերն արդեն հրապարակվեցին:

Եղածից ավելի փակագծեր է բացում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ասում է՝ տարիների ընթացքում տեղի ունեցած գլոբալ եւ տարածաշրջանային փոփոխությունները ստիպում են փոխել գործող փաստաթուղթը:

Ուղիղ 11 տարի առաջ՝  2007 թվականի հունվարի 26-ին ընդունվեց ՀՀ ազգային անվտանգության գործող ռազմավարությունը: Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ էր, բայց փաստաթղթի մշակումը հանձնաժողովում ղեկավարում էր այն ժամանակ պաշտպանության նախարարն Սերժ Սարգսյանը: Գիտի եւ հին մարտահրավերները, եւ նորերը: Դա է պատճառը, որ հիմնական խոսքն ուղղում է դիվանագետներին:

Հայկական կողմը կարճաժամկետ կտրվածքով ծրագրել է հաջողություններ արձանագրել ԵՄ հետ ստորագրված համաձայնագրի վավերացման հարցում: Անգամ ժամկետներ են նախանշել: Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանը փոխանցել է հայկական կողմի ակնկալիքը՝ համաձայնագրի վավերացումն ավարտել մինչեւ 2019 թվականը: Այսինքն՝ այդ ժամանակ հունիսին նախատեսված են ԵՄ ընտրությունները: Պետք է շտապենք մինչ այդ ժամկետը:

Արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվացնելու եւ կարեւոր շեշտադրումներին ու նրբություններին ծանոթացնելու համար փետրվարին Աժ է գալու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումը տեղի է ունենալու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Back to top button