Հասարակություն

Տանիքը վերնահա՞րկ է, թե՞ պատշգամբ. ո՞վ ու ինչպե՞ս վաճառեց շենքի տանիքը

«Ռադիոլուրը» շարունակում է հետեւել Երեւանի Ադոնցի 6/1 շենքի խնդրին։ Այստեղ բնակարան ձեռք բերած շահառուների խնդիրներն այդպես էլ չհանգուցալուծվեցին:

Ավելին՝ պետական տարբեր մարմինների արձագանքն ու պատասխաններն այնքան ցաքուցրիվ ու իրարամերժ էին, որ պետական ծառայողները պետական ծրագրի շրջանակներում ավելի խճճվեցին:

Հարցին պատասխանատու մոտեցում ցուցաբերեց ՏՄՊՊՀ-ն, որը, ի վերջո, փաստեց՝ խնդիրներն իրենց լուծման տիրույթից դուրս են, բայց մի բան հստակ է՝ խնդիրների հիմքը պետական պատասխանատու կառույցի՝ Քաղշինպետկոմի եւ կառուցապատող «Միկշին»-ի միջեւ պայմանագրում առկա բացերն են:

Ինչպե՞ս ստացվեց, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն նախագծեց ու «Միշին»-ին վստահեց Ադոնցի 6/1 հասցեում շուրջ 300 պետծառայողի համար մատչելի պայմաններով բնակելի շենքի կառուցումը, բայց ընթացքում նախագիծն անհասկանալիորեն փոփոխվեց. շենքի տանիքն ու ավտոկայանատեղին մասամբ դարձան կառուցապատողի սեփականությունը: Եվ սա այն դեպքում, երբ այդ տարածքները բնակիչների ընդհանուր սեփականության մասն են:

Ինչո՞ւ Քաղշինպետկոմում տեղյակ էլ չեղան, որ քաղաքապետարանում փաստաթղթերը փոփոխվեցին: Ու ստացվեց այնպես, ինչպես պնդում են պետծառայողները՝ շինարար ընկերության կամայականությունների հետ իրենք մնացին միայնակ: Քաղշինպետկոմից «Ռադիոլուր»-ի հարցումներին այդպես էլ չպատասխանեցին: Փոխարենը՝ արձագանքեցին շահառուների դիմումին: Մեջբերենք կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանի պատասխանը:

Ինչ վերաբերում է շենքի տանիքի և ավտոկայանատեղի մուտքի ճանապարհի սեփականության վկայականների ձեռքբերմանը, ապա Միկշինը նախագիծը փոփոխել է Երևանի քաղաքապետի համաձայնությամբ:  Ընկերությունը նաեւ տեղեկացրել է մեզ, որ նախատեսում է ավտոկայանատեղի նոր ելք բացել: Այլ տեղեկատվության համար դիմեք  Անշարժ գույքի կադաստրի կոմիտե:

Ինչպե՞ս են արդեն կառուցված շենքի տակ ավտոկայանատեղի նոր մուտք բացելու: Այս հարցը քաղշինը չի էլ ուղղել շինարարին, որն արդեն առկա ճանապարհը փակել է՝ ըստ տեղեկությունների ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով: Ինչեւէ, անցնենք առաջ: Հարցումը հասավ Կադաստրի պետկոմիտե: Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի անունից եկած պատասխանը բնակիչները միասին ու առանձին-առանձին մի քանի անգամ կարդացին, բայց դժվարացան հասկանալ  խառը թվերը:

Սակայն պարզ դարձավ՝ «Միկշինը» մի քանի անգամ գրանցման, վերագրանցման, գրանցումների շտկման դիմում է  ներկայացրել, որոնք էլ հաստատվել են Կադաստրում: Ու ստացվել է այն, ինչ կա: Հասնենք ամենազավեշտալի դրվագին: Ինչպե՞ս ու ո՞վ վաճառեց շենքի տանիքը «Միկշինին»: Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ Միքայել Սարգիսջանյանը որոշ ժամանակ առաջ ՏՄՊՊՀ նիստում հայտարարել էր՝

«Ճիշտ է՝ տանիքը պետական գրանցման ենթակա չէ, քանի որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն է, սակայն գրանցումն իրականացվել է որպես վերնահարկ, ոչ թե որպես տանիք»:

Այսինքն՝ շենքը տանիք չունի՞, միայն վերնահա՞րկ է: Իսկ ինչպե՞ս տանիքը վերնահարկ դարձավ: Երեւանի քաղաքապետարանի՝ «Ռադիոլուր»-ին պատասխանը ոչ միայն չպարզեց խնդիրները, այլեւ նոր  զավեշտ ստեղծեց:

«Տանիքների հարցի հետ կապված տեղեկացնում ենք, որ 30.12.2015թ.  համաձայնեցված և 19.12.2017թ. վերահամաձայնեցված նախագծերով տանիքներն ամրագրված են որպես բաց պատշգամբներ, այլ ոչ թե վերնահարկեր»:

Զավեշտալի է, բայց հումոր չէ: Փաստ է՝ տանիքը վաճառվել է, թեեւ վաճառքի ենթակա չէր: Քաղաքապետարանում հաստատված այս ու այլ գործարքներն ու փոփոխություններն ի՞նչ իրավական հիմք ունեն: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ռադիոլուր»-ին ուղարկված անստորագիր պատասխանը չունի պատասխաններ այս ու այլ հարցերի: Մասնավորապես, ի՞նչ իրավական հիմքով է վավերացվել Ադոնց 6/1 շենքի ավարտական ակտը, եթե շենքը չի ունեցել հոսանքի ապահովման ենթակայան: Մեկ ուշագրավ պատասխան էլ:

Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված և վերահամաձայնեցված նախագծերը որևէ կերպ չեն հակասում կառավարության կարգին: Իսկ Երևանի քաղաքապետարանում նախագծերի համաձայնեցման կամ վերահամաձայնեցման փուլում դրանք ՀՀ ԿԱ քաղաքաշինական կոմիտեի հետ նախապես համաձայնեցնելու պարտավորություններ չենք ունեցել:  


Սա էլ այսպես: «Միկշինն» այս ընթացքում իր բարձունքում է: ՏՄՊՊՀ տարբեր հարցումների այդպես էլ չպատասխանեց: Իսկ շահառուներից իրավաբան Մակար Եղիազարյանի գրությանն արձագանքեց: Կրկին մեջբերեմ:

Ընկերությունն իր ստանձնած պարտավորությունները կատարել ու կատարում է կառավարության սահմանած կարգի տառին համապատասխան եւ որեւէ խախտում չի արել: Իսկ Ձեզ՝ որպես փաստաբանի, տեղեկություն տրամադրելու պարտավորություն չունենք: Առաջարկում ենք մոտենալ մեր գրասենյակ՝ որպես շահառու պարզաբանում ստանալու համար:

ՏՄՊՊՀ-ն այս ընթացքում ամիսներով ջանասիրաբար ուսումնասիրեց պետծառայողներ-«Միկշին» բազմաթիվ խնդիրներն ու վարչապետին ուղղված մի քանի էջանոց գրությամբ փաստեց դրանց առկայությունը: Հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը «Ռադիոլուր»-ին պարզաբանեց՝ բարձրացված հարցերը գտնվում են իրենց լիազորությունների շրջանակից դուրս և վերաբերում են քաղաքաշինության պետական կոմիտեին:

«Խնդիրները պայմանավորված են նրանով, որ պետության և «Միկշին» ընկերության միջև առկա հարաբերությունները բավարար չափով կարգավորված չեն և պետական լիազոր մարմինը չի ունեցել բավարար լծակներ նմանօրինակ խնդիրների բացահայտման և շտկման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար: Հետևաբար՝ առաջարկում ենք նշված խնդիրները կարգավորել պետության և «Միկշին» ընկերության միջև կնքվող պայմանագրերով և «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրին վերաբերող այլ իրավական ակտերով»:

Միտումնավո՞ր, թե՞ անփութորեն է պետական ծրագիրն այսքան բացերով իրականացվել ու «Միկշին»-ին խաղալու այսքան լայն դաշտ տրամադրվել: Հարց է, որը խիստ կասկածելի հիմքեր է ենթադրում: Ինչեւէ: Խնդիրն այժմ վարչապետին է հասցեագրվել:

Back to top button