ԿարևորՀասարակություն

Պետդեպը Հայաստանն ընդգրկել է ամերիկացիների համար անվտանգ երկրների թվում

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանն ընդգրկել է երկրների ցանկում, որտեղ ամերիկացի զբոսաշրջիկները կարող են այցելել՝ պահպանելով սովորական նախազգուշական միջոցներ:

Հունվարի 10-ին գերատեսչությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգ, որի շրջանակներում բոլոր երկրները բաշխվել են չորս կատեգորիայի:

Հայաստանն ընդգրկված է 1-ին կարգում, որտեղ անվտանգության ռիսկերն ամենացածրն են և բավարար է պահպանել զգուշավորության ընդհանուր նորմերը: Այստեղ են հայտնվել աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Վրաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Լիբերիան և Չիլին:

Ադրբեջանն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ, Վաշինգտոնի գնահատմամբ, ավելի մեծ զգուշավորություն է հարկավոր՝ կապված երկրում ահաբեկչության սպառնալիքի հետ: Ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով այս ցանկում են հայտնվել նաև բազում արևմտաեվրոպական երկրներ, այդ թվում Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Ռուսաստանը երկրների 3-րդ խմբում է հայտնվել: Այդ խմբի երկրների համար ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս հրաժարվել այցելությունից: ՌԴ-ն հայտնվել է այս կատեգորիայում ահաբեկչության վտանգի, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների հանդեպ տարբեր ճնշումների պատճառով, ասվում է Պետդեպարտամենտի կայքում: Նույն խմբում են նաև Թուրքիան, Պակիստանը, Կուբան և այլ երկրներ:

Կյանքին սպառնացող վտանգի համար ԱՄՆ իշխանությունները խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին մեկնել 4-րդ խմբի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սոմալին և մի շարք այլ պետություններ:

Back to top button