Հասարակություն

Բազմաթիվ խախտումեր խանութներում. Ռադիոլուրի ահազանգի հետքերով

Սննդի անվտանգության պետական ծառայությունում այս օրերին բուռն քննարկում է ընթանում: տոական օպրերին բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել իրացման կետերում: Ահազանգերից մեկի հեղինակն էլ «Ռադիոլուրն» է:

Արձագանքը չի ուշացել, թերի մակնշմամբ սննդամթերքի խմբաքանակը հանվել է վաճառքից: Ավելի ուշ սակայն, նորից հայտնվել է խանութում:

Սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը «Ռադիոլուրը» հայտնել է, որ պատասխանատվությունը ինչպես տնտեսվարողի, այնպես էլ պետական վերահսկողություն իրականացնող կառույցի վրա է, որն ըստ էության սիրողական վերահսկողություն է իրականացրել:

«Ռադիոլուրի» ահազանգից րոպեներ անց Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչները համապատասխան ստուգումներ իրականացրեցին և վերացրեցին առկա թերությունները:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ սուպերմարկետներում Ամանորին ընդառաջ չարաշահում են սպառողի վստահությունը և հրամցնում են ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Դե իսկ սպառողն էլ, շտապելով գոհացնել ամանորյա հյուրերին, ինքնամոռաց դատարկում է խանութները՝ առանց նայելու, թե իրականում ինչ է գնում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանն ընդգծում է, որ տարեց տարի սպառողների իրավագիտակցությունը բարձրանում է: Միևնույն ժամանակ՝ նախատոնական առևտրի թոհուբոհը կարող է փոքր ինչ մթագնել սպառողի զգոնությունը:

Սպառողների իրավագիտակցության բարձրացման մասին են վկայում նաև  քաղաքացիների բազմաթիվ ահազանգերը: Դրանից, սակայն, իրավիճակը չի փոխվում: Տնտեսվարողները շարունակում են չարաշահել սպառողների վստահությունը՝ վաճառելով ժամկետանց, թերի մակնշմամբ կամ ընդհանրապես առանց ժամկետի առկայության սննդամթերք՝ նկատում է զրուցակիցս:

Ըստ էության՝ սիրողական վերահսկողության հետևանք է՝ ասում է Բաբկեն Պիպոյանը և հավելում, եթե խախտումը վերացնելուց հետո նույն խանութում որոշ ժամանակ անց նորից հայտնվում է թերի մակնշմամբ սննդամթերք, սա արդեն պետական կառույցի թերի աշխատանքի արդյունքն է:

Սննդի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց, որ այս օրերին բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, նաեւ մարզերում եւ այժմ քննարկվում են դրանց արդյունքները։

Հակառակ այս պնդումներին, «Ռադիոլուրը» ականատես է եղել, որ պետական մարմնի տեսչական ստուգումից եւ խախտումն արձանագրելուց որոշ ժամանակ անց նույն կետում խախտումները շարունակվել են։

Back to top button