Քաղաքական

Բոյկոտ ու խառնաշփոթ խորհրդարանում. պատգամավորները շփոթում են օրինագծերը

Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքն այսօր սկսվել է իրարանցմամբ:

Երեկ քննարկված հարցերի քվեարկությունները վերածվել են իսկական խառնաշփոթի:  Կրքերը թեժացել են հատկապես դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ժամանակ:

Դրա քվեարկությունից հետո  ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները լքել են Ազգային ժողովի  նիստերի դահլիճը՝  հայտարարելով, որ քվեարկությունն ուղեկցվել է կեղծիքով: Որևէ կեղծիք չի եղել՝ հակադարձել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:

Երկու կողմերն էլ խճճվել են  կառավարության ներկայացրած օրակարգային հարցերում ու շփոթել դրանք մեկը մյուսի հետ: Թե ինչ է տեղի ունեցել ու ինչպես են զարգացել իրադարձությունները  նիստերի դահլիճում, Լուսիեն Վասիլյանն է ամփոփել:

 

Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում Դատական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որը սահմանադրական օրենք է:

«Հետևաբար, նախագծերի այս փաթեթը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով»:

Այսինքն, դրան պետք է  կողմ քվեարկի առնվազն  63 պատգամավոր: Օրենսդիրներից որևէ մեկն այդ պահին ԱԺ նախագահի վրիպակը չնկատեց և նրան չուղղեց,  որ փոփոխությունների նախագիծը սահմանադրական օրենք լինել չի կարող ու քննարկումը շարունակվեց սխալ ուղղությամբ:

Ելքն առաջարկեց չմասնակցել քվեարկությանը, ենթադրելով, որ առանց ընդդիմադիրների՝ կոալիցիոն երկու ուժերը միասին  63 ձայն հավաքել չեն կարողանա:

«Ծառուկյան դաշինքի իմ գործընկերներին կոչ եմ անում, որ չմասնակցեն քվեարկությանը, նախորդ քվեարկությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում նախագիծը չի ընդունվի»:

«Ծառուկյան» դաշինքը քվեարկությանը չմասնակցեց: Ցուցատախտակին հայտնված 61 «կողմ» թվի առաջին արձագանքը ընդդիմադիր շարքերից հնչած ծափահարություններն էին: Մի քանի վայրկյան անց, սակայն, պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, ու արդեն վերջում ծափ տալու հերթը մեծամասնությանն էր:

Մախսուդյանը հայտարարեց, որ իր քվեարկության կոճակն իսկապես չի աշխատել, իսկ Արփինե  Հովհաննիսյանը հանրապետությունում չէ, բայց գրավոր հայտնել է իր դիրքորոշումը: Այս երկու ձայներն արդեն ապահովել էին այն   63 կողմը, որը, ըստ  ԱԺ նախագահի, անհրաժեշտ էր օրենքի ընդունման համար: Պարզվեց, որ Ծառուկյան դաշինքից մեկ  պատգամավոր այնուամենայնիվ  կողմ  քվեարկել է:

Ըստ էության՝ վճռորոշը հենց Նապոլոեն Ազիզյանի քվեն էր։ Նա, հիշեցնենք, այն պատգամավորների թվում էր, ում ընտրություններից հետո դաշինքի ղեկավարը հորդորում էր հրաժարվել մանդատից։ Նապոլեոն Ազիզյանը դահլիճում չհայտարարեց, որ սխալմամբ է կողմ քվեարկել, «Ելքը» վերաքվեարկություն պահանջեց, որը տեղի չունեցավ: Իսկ երբ ԱԺ նախագահն անցավ  հաջորդ հարցի քվեարկությանը, ընդդիմադիր պատգամավորներն իրենց  բողոքն այսպես  արտահայտեցին:

«Քիչ առաջ մեր աչքի առաջ խորհրդարանական մեծամասնությունը սղացրեց հերթական սահմանադրական օրենքը, ինչը ցույց է տալիս, որ  էս բոլոր կենացները ՝ խորհրդարանական կառավարման համակարգի, ընդդիմության լիազորությունների ավելացման մասին, ընդամնեը հերթական կոմեդիան են: Այս պահին մենք դուրս ենք գալիս, որ այդ կոմեդիային չմասնակցենք»:

Էդուրարդ Շարմազանով. «Այն, ինչ ասում է ընդդիմությունը, իրականության հետ կապ չունի: Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել, Արփինե Հովհաննիսյանը թողել է իր կողմ քվերակությունը, Մախմուդյանն էլ հայտարարել է, որ իր կոճակը չի աշխատել: Պարզ մաթեմատիկա է՝ 63 ձայն: Նապոլեոն Ազիզյանը չի հայտարարել, որ սխալ է քվեարկել: Գնում են, բարի ճանապարհ»:

Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հարցն արդեն դահլիճից դուրս շարունակություն ունեցավ։ Նշվում էր, որ այն դարձել է «Ծառուկյանի» դաշինքի երկու պատգամավորների՝ Սերգեյ Բագրատյանի եւ Հայկ Մանուկյանի միջեւ ծեծկռտուքի պատճառ։ Երկու պատգամավորներն էլ, նրանց հեռախոսահամարներն էլ ավելի ուշ արդեն անհասանելի էին։

Իսկ դահլիճում կրքերը շարունակվեցին մինչեւ այն պահը, երբ իրավիճակը հստակեցրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա բացատրեց, որ Դատական օրենսգրքի փոփոխությունը սահմանադրական չէ: Պատգամավորները  այն շփոթել են  բուն դատական օրենսգրքի հետ, որն ինքը դեռ նոր պատրաստվում է ներկայացնել խորհրդարանին:

«Այն բուռն քննարկումը, որ քիչ առաջ տեղի ունեցավ դահլիճում, ի զարմանս ինձ, մասամբ վերաբերում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն օրենքում, որը դրվում էր քվեարկության, այլ վերաբերում են հենց այս օրենսգրքին: Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում»:

Ավելի ուշ, Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում չժխտեց, որ խառնաշփոթն սկսվել է Արա Բաբլոյանի սխալից ու  շարունակվել ամբողջ խորհրդարանի կողմից:

Գալով բովանդակային հարցին նշենք, որ կառավարությունն ամեն ինչ արել է պատգամավորներին խճճելու համար: Արտահերթի օրակարգում ընդգրկել է նույն օրենսգրքին վերաբերող միանգամից երկու նախագիծ՝ մեկով փոփոխություն է առաջարկում դատական օրենսգքրում, մյուսով նոր դատական օրենսգրքի նախագիծ է ներկայացնում:  Փոփոխությունների նախագծով  լուծվում է դատարանների միավորման հարցը:

Կառավարությունը առաջարկում է ստեղծել Երևանի մեկ միասնական դատարան ՝ միավորելով վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանները: Բուն փաթեթը շատ ավելի համակարգային փոփոխություններ է առաջարկում և արդեն իսկապես սահմանադրական օրենք է: Ես սահմանադրական օրենքի քննարկումն սկսեց առանց ընդդիմության։

Back to top button