ԿարևորՄշակույթ

Ընդունելություն՝ նվիրված «Գրեմմի»-ի թեկնածուներ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրավերով Օպերային թատրոնի ճեմասրահում երեկ ընդունելություն էր: Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացնելը:

Միջոցառմանը ներկա էին հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակույթի ու քաղաքական գործիչներ:

«Այսօր ուրախալի ու բացառիկ առիթ է մեր սրտի խոսքը, ջերմությունը, հարգանքն ու խոնարհումը փոխանցելու սիրելի մաեստրոներին՝ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին, մարդիկ, որոնք ճակատագրի բերումով ծնվել են արտասահմանում, բայց գիտակցությամբ ու հոգու կանչով վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում և արարում են երաժշտության հրաշքը։ Աստված նրանց շռալորեն շնորհել է արվեստի գենը»։ «Գրեմմի»-ի թեկնածուներ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին նվիրված Օպերային թատրոնում կազմակերպված ընդունելությանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:


«Գրեմմի»-ի արժանացած հայազգի արվեստագետների ցանկն ուսումնասիրելիս, ծնվեց խելահեղ մի գաղափար՝ երևանյան օպերային թատրոնի կամարների ներքո, հրաշալի մի համերգային նախագծում միավորել «Գրեմմի»-ի արժանացած բոլոր հայ երաժիշտներին՝ դրախտավայր Հայաստանից խաղաղության, սիրո պատգամ փոխանցելով աշխարհին»։

Նյու Յորքում 2օ18-ի հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի»-ի 6օ-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը  ներկայացված է Հայաստանը, այն էլ՝ երկու արվեստագետներով։ Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Մարեստրոն ուրախ է, բայց նաև տխուր. սիրելի գործընկերոջ հետ ուրախությունը կիսելու հնարավորություն, ցավոք, չկա

«Մրցանակաբաշխությանն առաջադրվելու լուրը ստացվեց այն օրը, երբ Մոսկվայում հրաժեշտ տվեցինք Դմիտրի Խվորոստովսկուն։ Չափազանց ցավալի մի իրավիճակ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին, լսել էին նրա երգերը։ Այս ստեղծագործությունը Խվորոստովսկու համար չափազանց կարևոր էր, և ձայնագրությունն արվել է այն ժամանակ, երբ նա արդեն հիվանդ էր։ Ուրախ եմ, որ հասցրեցինք դա անել, և ստեղծագործությունը գնահատվեց մեր գործընկերների կողմից։ Հուսանք ու սպասենք, թե ինչ կլինի հունվարի 28-ին»:

Շնորհավորելով իր «բախտակցին»՝ Տիգրան Մանսուրյանին,  Կոնստանտին Օրբելյանն ասաց. Մանսուրյանի  կողքին «Գրեմմի»-ի թեկնածուների ցանկում հայտվելը չափազանց հուզիչ է։ Հայկական դրոշի ու հայ մշակույթի համար սա հրաշալի իրադարձություն է։

«Ուզում եմ շնորհավորել Կոնստանտին Օրբելյանին, որը Հայաստան գալով, բերեց նաև իրեն ուղղված այդ պարգևը, որն, այնուամենայնիվ, բոլորինս է, Օպերային թատրոնինն ու հայ երաժշտությանը»,-ասաց իր իսկ բնորոշմամբ՝ «Գրեմմի»-ի նախադռանը հայտնված երկրորդ թեկնածուն՝ Տիգրան Մանսուրյանը։  Նա «Գրեմմի»-ի նախադռանն է արդեն երկրորդ անգամ։

«Դա 2օօ4 թվականին էր, ես ներկայացված էի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի հետ։ Եվ նա՛ չստացավ «Գրեմմի», և ե՛ս։ Դա հեշտությամբ կարող է պատահել նաև այս անգամ, չնայած ցանկալի է, որ լինի։ Քիմ Քաշքաշյանը «Գրեմմի»-ի արժանացավ մեկ այլ առիթով, ինչի համար շատ ուրախ եմ։ Եթե մեր թիմը ավելանա, լավ կլինի»:


Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Առաջիկա մրցանակաբաշխությանը մաեստրոներին հաջողություն մաղթեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները, մյուսները մաղթանքներին միացան գինով ու շամպայնով  լցված բաժակներով:

«Այժմ մեզ մնում է միավորել մեր սրտերն ու հոգիները և սպասել հունվարի 28-ին, «Գրեմմի»-ի 6օ-րդ մրցանակաբաշխությանը՝ հուսալով, որ մեր միավորված սրտերն ու ցանկությունները իրականություն կդարձնեն  երազանքը, որը կոչվում է՝ «Գրեմմի»-ի մրցանակը մեր սիրելի մաեստրոներին»,-ամփոփեց մշակույթի նախարարը։

Back to top button