ԿարևորՔաղաքական

Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. հարցի պատասխանը երկու օրից

Կստորագրվի՞, թե՞ չի ստորագվի. հանելուկային այս հարցի պատասխանն իմանալուն մնացել է ընդամենը երկու օր: Նոյեմբերի 24-ին Հայաստանը դիմում է երկրորդ փորձին՝ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը ստորագրելու համար:

Պատմական իրադարձությունը տեղի է ունենալու Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթաժողովի ընթացքում:

 

 

«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին հավատարմագրված եւ «Զվարթնոց»-ից Բրյուսել մեկնող լրատվամիջոցների քանակից միայն ակնհայտ է՝  հայաստանյան կողմն այս անգամ գրեթե համոզված է՝ ԵՄ հետ մերձենալու երկրորդ փորձը հաջողությամբ կավարտվի: Ինչո՞ւ այս անգամ չի կրկնվի նախորդ սցենարը։ Սա անգամ Վրաստանում են հասկանում: Քաղաքագետ Գելա Վասաձեն մեծ ցանկություն ունի առաջիկայում շնորհավորել հայ հարեւաններին պատմական իրադարձության առիթով:

«Պարզ խոսենք, ինչո՞ւ 2013-ին Մոսկվան թույլ չտվեց Երեւանին ստորագրել համաձայնագիրը։ Որովհետեւ այդ փաստաթղթում քաղաքական բովանդակություն կար, թե  ո՞ւր է գնում Հայաստանը: Հասկանալի է, որ Ռուսաստանի համար դա բոլորովին ընդունելի չէր: Այսօր այդպիսի ձեւակերպումների մասին խոսք չկա: Այսօր խոսվում է, որ Եվրոպան պատրաստ է համագործակցել լայնամասշտաբ հիմքով այն երկրների հետ, որոնք մտնում են Մոսկվայի քաղաքական ուղեծրի մեջ: Սա, կարծում եմ, ԵՄ կողմից ճիշտ եւ իմաստուն քայլ է»:

Արդեն երրորդ տարին է, ինչ Վրաստանը ԵՄ հետ կնքել է նմանատիպ շրջանակային համաձայնագիր: Բարեփոխումների արդյունքում՝ այդ պետության քաղաքացիների առջեւ բացվեցին Եվրոպայի դռները՝ վերացվեց վիզային ռեժիմը: Բայց ոչ բոլոր խնդիրներն են հեշտությամբ հանգուցալուծվում՝ եղած փորձով կիսվում է վրացի քաղաքագետը:

« Ազատ առեւտրի համաձայնագրի մասով պարզ ասեմ՝ այսօր Վրաստանի մոտ կան բոլոր հնարավորությունները այդ համաձայնագիրը կյանքի կոչելու համար, ԵՄ-ն նույնպես ջանքեր է գործադրում, որ այն սկսի գործել: Բայց այդ ամենը դեռ արվում է միկրոմակարդակով՝ առանձին ձեռնարկությունների եւ առանձին գործարարների հետ: Իհարկե, մեր տնտեսության մակարդակը այնպիսին չէ, որ ապրանքները համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Դա դեռեւս հնարավորություն չի տալիս նվաճել եվրոպական շուկան, բայց կարելի է ասել, որ ապրանքաշրջանառությունն աճում է»:    

ԵՄ հետ համագործակցությունից այսպես ասած  «հաջողված պատմությամբ» չի կարող աչքի ընկնել Մոլդովան: Կառույցի հետ համաձայնագիրը կնքելուց մի առ ժամանակ անց Մոլդովայի հասարակությունն ու քաղաքական էլիտան բաժանվեց երկու մասի՝ այդ պետությունում շատերն արդեն կարոտով շրջվում են հետ՝ նախընտրելով քաղաքական այլ ուղի:

Պատճառն այն է, որ ԵՄ-ն այդ երկրում սահմանել էր լուրջ վերահսկողություն՝ կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում: Կոռուպցիոն սկանդալից հետո սառեցվել են մեծ ֆինանսավորում նախատեսող ծրագրերը՝ կիսատ թողնելով սկսած ճանապարհը: Քիշնեւից պարզաբանում ու նաեւ հայկական կողմին զգուշացնում է քաղաքագետ Դան Մարինը:

«Կարծում եմ, Հայաստանն  ունենալու է նույն հեռանկարը՝ լուրջ վերահսկողություն»:   

 ԵՄ հետ համաձայնագիրը երկու օրից կստորագրվի՝ համոզված է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, սակայն որոշակի մտավախություններ եւ վերապահումներ ունի:

« Կստորագրվի: Բայց եթե այնպես ստացվի, որ երկու օրից չստորագրվի, ապա դա լուրջ խնդիր է: Իհարկե, կգտնվեն մարդիկ, որ ասեն՝  լավ ոչինչ, հիմա չի ստորագրվել, մեկ ամսից կստորագրվի՝ ոչ այդպես չէ: Կլինեն խնդիրներ եւ բացատրեմ, թե ինչու: Այս անգամ մեզ հետ չի կապված լինելու, այլ եվրոպացիների: Գիտեք, հիմա օրինակ նույն Գերմանիայում, որը ԵՄ-ի գլխավոր շարժիչ ուժն է, հնարավոր են նոր ընտրություններ, իսկ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է այլ կարեւոր գործընթացների ձգձգում»:

Հայաստան-ԵՄ այս անգամվա փաստաթուղթը խորը չէ, չի անդրադառնում քաղաքական ցավալի հարցերին՝ ասում են հայ քաղաքագետերը: Հայաստանի համար միակ մտահոգիչ հատվածը Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերն են: Հենց այս հարցում Հայաստանը պետք է զգուշավոր լինի՝ կարծում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Զգուշացնում է՝  ադրբեջանական կողմի՝ ԵՄ-ից Ղարաբաղի հարցով միակողմանի հայտարարության պահանջները լուրջ քողարկված պատճառներ ունեն:

«Այն, ինչ պետք է Ադրբեջանին, դա ավելի շուտ «պատերազմի տեղեկանքն» է: Սա է հարցը՝ արդյո՞ք ԵՄ-ն կտա այդ տեղեկանքը Ադրբեջանին եւ անձամբ Իլհամ Ալիեւին: Բազմաթիվ կազմակերպություններ այս տարի արտահայտել են իրենց մտահոգությունները ռազմական գործողությունների վերսկսման առումով: ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցի օրը ադրբեջանական կողմը անցկացրեց բավականին տպավորիչ ուսումնավարժանք՝ ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու սցենարով: Իրենք չեն թաքցնում, որ պատրաստվում են նոր պատերազմի: Եվ այս հարցում իրենց անհրաժեշտ է պատճառ ու լեգիտիմացում, ինչն ակնկալում են ԵՄ-Հայաստան եզրափակիչ փաստաթղթից:  Հենց այս պատճառով, կարծում եմ, եւ ԵՄ-ն, եւ հայկական կողմը պետք է շատ ուշադիր լինեն»:      

 ԵՄ տեսանկյունից այդ կառույցի համար որքան կարեւոր է Հայաստանը, այնքան էլ կարեւորվում է Ադրբեջանը: Տվյալ դեպքում ինչ պայմանավորվածություն ձեռք կբերվի՝ դեռեւս դժվար է կանխատեսել:

Back to top button