Տասը տարի անց ԵԽԽՎ-ում այսօր փոխվեց Թուրքիայի կարգավիճակը


ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը եւ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջը Վեհաժողովի այս նստաշրջան «թոփ» թեմաներից ընդամենը մեկն է: Մեկ այլ կարեւորագույն նորությունը կապված է Թուրքիային առնչվող հարցի հետ: Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվել է Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցը, որը չնախատեսված զարգացում է ունեցել:
Լրջագույն քաղաքական որոշում. ԵԽԽՎ-ում քվեարկությունից անմիջապես հետո այսպիսի գնահատական տվեց կատարվածին հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: ԵԽԽՎ-ն, ձայների բացարձակ մեծամասնությամբ, որոշեց 10 տարի ընդմիջումից հետո Թուրքիային վերադարձնել իր նախկին՝ մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը՝ կապված այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի հետ։ «Թուրքիա-Եվրոպա սուր հակամարտության եւս մեկ ռաունդ երաշխավորված է»,- կարծում է Ֆարմանյանը։ Մեր պատվիրակության մեկ այլ անդամ՝ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ներկայացնում է, որ շատերի կողմից քաղաքական շանտաժ գնահատվեց Թուրքիայի նախազգուշացումը՝ մոնիտորինգի վերսկսման դեպքում լքել Եվրոպայի խորհուրդը:
Ինչպես է արձագանքել Թուրքիան այս որոշմանը ԵԽԽՎ-ում դեռ տեղեկություններ չունեն՝ «Ռադիոլուրին» փոխանցեց հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: Այս պարագայում պատգամավորը ընդհանուր եզրեր անցկացնելով մոնիտորինգի տակ գտնվող Հայաստանի եւ արդեն մոնիտորինգի տակ գտնվող Թուրքիայի միջեւ շեշտեց, որ «պարտավորությունների կատարման առումով Հայաստանը մոտենում է վերջնակետին»: Ըստ Նաիրա Կարապետյանի՝ շատ հավանական է, որ շուտով Հայաստանը հանվի մշտադիտարկումից:
Վերադառնալով այսօրվա քննարկմանը նշենք, որ Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցի համահեղինակները նորվեգացի Ինգեբորգ Գոդսեկենն է եւ էստոնացի Մարիաննե Միկոնը: Դիտարկել են Թուրքիայում տեղի ունեցած «պետական հեղաշրջման փորձի» ժամանակից մինչ օրս տեղի ունեցող իրադարձությունները՝ ներառյալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ անցումը ղեկավարման նախագահական համակարգի: Նրանք բազմակողմանի ուսումնասիրել են իրավիճակը, մի քանի անգամ այցելել երկիր: Ուշադրություն են հրավիրում անձեռնմխելիությունից զրկված պատգամավորների, որոշ խորհրդարանականների եւ լրագրողների ձերբակալության, խոսքի ազատության ոտնահարման, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ իրականացվող բռնությունների եւ այլ խնդիրների վրա: Նշված են մասշտաբային «զտումները» պետական եւ դատական ոլորտներում եւ դրանց սոցիալական հետեւանքները: Օրինակ՝ պաշտոնանկվածները զրկված են անձնագրերից: Վեհաժողովն այս պարագայում լրջորեն մտահոգվելով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով՝ պարտադրված է վերաբացել մոնիտորինգի գործընթացը Թուրքիայի նկատմամբ:
Ահա, թե ինչպիսի ելույթներ են այսօր հնչել ԵԽԽՎ լիագումար նիստում:
«Մեր միակ ելքը կրկին մոնիտորինգ հայտարարելն է: Թուրքիայի նախագահը հանդիսանում է այդ երկրում բնակվող բոլոր ազգությունների նախագահը, բայց ինչ է նա անում: Նա գործում է իբրեւ սադրիչ: Նա կարող է լինել լավագույն դեպքում կես երկրի, բայց ոչ ամբողջ երկրի նախագահ: Այս խաղերը մենք այլեւս չենք կարող հանդուրժել, հատկապես երբ ամիսներ շարունակ խոսում են մահապատժի վերակագնման մասին»:
«Նախագահ Էրդողանը մեղադրեց ԵԽ-ի պատվիրակությանը, որ նրանք աջակցում են ահաբեկիչներին: Ես շոկի մեջ էի եւ անհանգստացած եմ այսպիսի հայտարարություններից: Սա արդեն անհանդուրժելի է»:
«Ես զգուշավորության կոչ եմ անում: Այսօր Թուրքիայում տիրում է վախի մթնոլորտ: Մենք պետք է զգոն լինենք»:
«Երեւի սա ամենաբարդ զեկույցն է ԵԽԽՎ պատմության մեջ: Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիան դադարեց լինել այն երկիրը, որին մենք գիտեինք: Երեւի Թուրքիան երբեք չի եղել մեր օրակարգում այնպիսի սրությամբ եւ անհրաժեշտությամբ, ինչպես այսօր է»:
Ինձ շատ տխրեցնում է այն իրավիճակը որի մեջ մենք հայտնվել են: Արդեն երկրորդ հանրաքվեն է, որ ինձ տխրեցնում է վերջին 12 ամիսների ընթացքում: Առաջինը Մեծ Բրիտանիայի հանրաքվեն էր: Ես չեմ կարծում, որ այսօրվա իրավիճակը Թուրքիայի քաղաքացիներին կբերի այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են հայտնվել:
«Մշտադիտարկումը պատժամիջոց չէ, առավել եւս տվյալ երկրի հրեշավորման գործընթաց չէ»,- իր խոսքում նշեց Թուրքիայի հարցով համազեկուցող նորվեգացի պատգամավոր Ինգեբորգ Գոդսեկենը: Գիտակցելով, որ Թուրքիայի քաղաքացիներն այսօր ԵԽԽՎ-ից որոշակի ազդակներ են սպասում, պատգամավորը նշեց:
«Մեր եվրոպական ազդակը հետեւյալն է՝ մենք անհանգստացած ենք, հասկանում ենք, աջակցում ենք Թուրքիային: Հենց դրա համար ենք մենք համոզված, որ մշտադիտարկումը եւ ԵԽԽՎ-ին, եւ Թուրքիային կտա միավորվելու, քննարկելու եւ խնդիրները լուծելու լավագույն հնարավորություն»:
Բայց մինչ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը փորձում է լուծել այլ երկրներում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրները, հենց այդ կառույցը գարնանային նստաշրջանում կանգնեց քաղաքական ճգնաժամի առաջ։ ԵԽԽՎ նախագահ, կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Պեդրո Ագրամունտի հարցով այսօր գումարվել է քննարկում։ Այն տեւել է մեկ ժամից ավելի: Ինչ է քննարկվել այդ նիստում՝ փակագծերը <<Ռադիոլուրի>> համար բացեց Նաիրա Կարապետյանը: Ի սկզբանե նախատեսված փակ քննարկումը հետո վերափոխվեց բացի՝ ԵԽԽՎ-ում ներկայացված հիմնական քաղաքական ուժերին հնարավորություն էր տրվել նրան ուղղել 7 հարց՝ Սիրիա կատարած այցի առնչությամբ: Պատասխանները, սակայն, ներկաներին չեն բավարարել: Նաիրա Կարապետյանի փոխանցմամբ՝ հինգշաբթի Ագրամունտը ԵԽԽՎ-ում կանցկանցնի քաղաքական կոնսուլտացիաներ, ինչը ենթադրում է, որ հայտարարելու է, որ զղջում է, ներողություն է խնդրում, իսկ ուրբաթ օրն արդեն պլանավորված է ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը: Այսօրվա քննարկումներից հետո արդեն միանշանակ չի կարելի պնդել, որ Ագրամունտը կհեռանա: Համենայնդեպս՝ այդպիսի տպավորություն ունի Նաիրա Կարապետյանը:
Հավելենք, որ մինչ այս քննարկումը ԵԽԽՎ-ում աշխատող հայ պատվիրակների դիտարկմամբ՝ կառույցում արդեն այն տրամադրություններն էին, որ այս նստաշրջանին Պեդրո Ագրամունտը հրաժեշտ է տալու վեհաժողովին: Բայց, ինչպես երեւում է, ԵԽԽՎ-ում անակնկալներ դեռ սպասվում են: