Հասարակություն

Անօթևանների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է


Անօթևանների խնդիրը սրվում է հատկապես ձմռան օրերին: Օրվա սնունդը հայթայթելուց բացի` նրանք պետք է նաև տաք անկյուն գտնեն, որպեսզի կարողանան հաղթահարել ցուրտ ձմեռը: «Ռադիոլուր»-ը զրուցել է անօթևանների հետ, ովքեր ապրելով բավականին դժվար և անմարդկային պայմաններում, այժմ հավաքվել են մեկ հարկի տակ: Նրանց խնդիրներով զբաղվող դանիական բարեգործական հիմնադրամը կարող է ծածկ ապահովել ընդամենը 100 անօթևանի համար, մինչդեռ՝ անօթևանների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է, իսկ այս կացարանն էլ ժամանակավոր ապաստան է։

 

 

Չնայած եղանակները փոքր ինչ տաքացել են, դրսում դեռևս շատ ցուրտ է և 15 րոպեից ավելի կանգնելը ոչ ամենահաճելի զգացողություններից է: Նկատենք, սակայն, որ կան մարդիկ ովքեր ստիպված են դրսում մնալ ոչ թե 15 րոպե, կամ 15 ժամ, այլ գիշեր ու զօր, օրեր ու ամիսներ:

Անօթևանների խնդիրը սրվում է հատկապես ձմռան օրերին, երբ տաք անկյուն գտնելը շատերի համար երազանք է դառնում: Նրանցից մեկն էլ Սերյոժա պապն է, ում ոտքը ցրտահարվել է այս ձմռանը և փտախտի պատճառ դարձել: Իհարկե՝ հիվանդանոցում  ոտքը կտրել են, բայց տեսնելով, որ հիվանդը հարազատներ չունի և չի կարող վճարել հետագա բուժման համար, նրան հենց այդպես էլ դուրս են գրել։ Սերյոժա պապն անվասայլակով հայտնվել է հիվանդանոցի բակում:

Սերյոժա պապի մասին անօթևանների խնդրով զբաղվող կազմակերպություն են ահազանգում պատահական անցորդները:  Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական ընկերության հոգեբան Սուսաննա Ումուդյանի հետ առաջին հեռախոսազրույցն էլ տեղի է ունենում հենց հիվանդանոցի բակից:

Սերյոժա պապը անօթևանների կենտրոնում ապաստանածներից մեկն է միայն: Այստեղ ներկայումս ապրում են 100 անօթևաններ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց  բարեգործական հիմնադրամի տնօրեն  Շավարշ Խաչատրյանը:

Բարեգործական այս ընկերությունը, ի դեպ, տարիներ շարունակ համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Նախարարությունը տարեկան 60 մլն դրամի լրավճար է հատկացնում ընկերությանը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

Անօթևանների կացարանի ժամանակավոր բնակիչներից է նաև 65-ամյա տիկին Ժենյան: Նա արդեն  8 ամիս է այստեղ է: Չունի ոչ տուն, ոչ ամուսին, ոչ էլ երեխաներ:

Զրուցեցինք կացարանի մյուս բնակիչների հետ ևս:

Չնայած հիշողության խնդիրներին՝  կենտրոնում իրեն լավ է զգում նաև Ազգուշ տատիկը: Չէ որ այստեղ իրեն կերակրում և լողացնում են, իսկ որ ամենակարևորն է, այստեղ տաք է: Միայն թե չի հիշում՝ ինչպես է հայտնվել այս կենտրոնում:

Իրականում Ազգուշ տատիկն արդեն 2 տարի է այս կենտրոնում: Մինչ այդ՝ քրոջ՝ Վազգուշի հետ միասին  երկար ժամանակ ապրում էին Կոնդ թաղամասում ինչ- որ մեկի նկուղում: Երբ հայտնվեցին այս կենտրոնում, նրանց մոտ չկար ոչ մի փաստաթուղթ: Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտնում են նրանց ծննդյան մասին հավաստող փաստաթղթար, երկուսին էլ այս կենտրոնի ջանքերով անձնագիր են տալիս պատմում է կացարանի հոգեբան Սուսաննա Ումուդյանը:

Մեծ քույրը վերջերս մահացավ, իսկ Ազգուշը սպասում է ծերանոց  իր ուղեգրին։ Բավականին երկար ժամանակ է այստեղ նաև տիկին Լիլիան: Նա խմորեղենի արտադրամասում է աշխատում: Այսօր շուտ էր վերադարձել աշխատանքից, հոգնած էր, չցանկացավ զրուցել: Փոխարենը զրուցեցինք նրա հարևանուհի տիկին Ռիտայի հետ, ով արդեն մի քանի ամիս է չի աշխատում:

Մինչ տիկին Ռիտայի ծերանոց ուղեգրերն են պատրաստում՝ նա մտածում է իր երազանքի եւ դրա իրականացման մասին։ Իսկ երազում է գնալ եւ բնակության հաստատել Կարսում։

Back to top button