ԿարևորՏնտեսական

Մառախլապատ Երեւանում բացեց արեւային էներգետիկային նվիրված համաժողովը


«2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, առևտրային այլ գործարքներ»,- այսօր Երևանում մեկնարկած Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր երկրի ղեկավարը խոսել է ոլորտի զարգացման հեռանկարներից,  հայտարարել, որ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև: Համաժողովին մասնակցում է ավելի քան 40 օտարերկրյա կազմակերպություն: Առաջիկայում «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման համար ներդրողների մրցույթ է  հայտարարվելու: Նախապատվությունը տրվելու է ավելի ցածր սակագին առաջարկող ընկերությանը:

 


Հայաստանյան արևի ջերմությունը, քամու ուժգնությունը եւ ջուրը  էներգիայի  անսպառ  աղբյուր. մեր երկիրն էլ անմասն չի մնում համաշխարհային զարգացումներից ու կանաչ տնտեսություն զարգացնելու ճանապարհն է  ընտրել: Այստեղ է, որ օգնության է հասել աշխարհագրական դիրքը: Հայաստանն ունի այլընտրանքային էներգիայի զարգացման բոլոր նախադրյալները։ Եթե տասը տարի առաջ  էլեկտրաէներգիայի մասնաբաժնում փոքր ՀԷԿ-երի արտադրած հոսանքը կես տոկոս էր կազմում, այժմ այն 11 տոկոսի է հասել։

Հայաստանը կարող է ոչ միայն  այլընտրանքային էներգիա արտադրել, այլ նաև՝ արտահանել:  Ոլորտի ձեռքբերումներին նաև Հայաստանի նախագահն է անդրադառնում, նշում, որ տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը:  Սերժ Սարգսյանը  մասնակցում էր  Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովին:

«2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, առևտրային այլ գործարքներ»:

80%-ով նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը։ Վերջինս արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ:  Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

«Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև: Այդ հանգամանքը լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից»:

Արևային, հողմային և երկրաջերմային էլեկտրակայանները առաջիկայում մեր երկրում կավելանան:  Օտարերկրյա ներդրողները հետաքրքրված են Հայաստանով: Ապացույցը՝ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած  ոլորտի լավագույն ներդրող կազմակերպությունների ավելի քան 40 ղեկավարներն են, ովքեր  մասնակցում են համաժողովին:  Սիոն Տիեին Շանհայից Հայաստան  հայաստանյան արևն ու քամին են բերել,  ոլորտում առաջատար համարվող «Լոթուսլենդ» ընկերության տնօրենն է,  վստահեցնում է՝  չինացիները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

Չինաստանը  արևային էներգիայի արտադրությամբ հայտնի խոշորագույն երկրներից է: Սինո Տիեն կարծում է, որ մեր երկիրը մեծ ներուժ ունի այս ոլորտում. «Հայաստանը արևային երկիր է, հենց այստեղ  արևային կայաններ կառուցելը շահավետ կլինի ներդրողների համար: Սա նաև ճիշտ որոշում է»:

Ոլորտում առաջատար  համարվող  իսպանական « Ակցիոնա Էներջիո»  ընկերությունը Հայաստանում է արդեն մեկ տարի: Տնօրեն Միգել Խոսե Արարա  Պանիոսը  կարծում է, որ  Հայաստանը վստահելի երկիր է ներդրումների համար:  Կմասնակցեն թե արևային էներգիայի արտադրության համար հայտարարվող մրցույթին և թե քամու՝ Սևանա լճի ավազանում. «Մեկ տարի է, ինչ աշխատում ենք Հայաստանում, գիտենք, որ սա վստահելի երկիր է, որոշում կա այստեղ զարգացնել վերականգնվող էներգետիկան։ Այն մաքուր է, ապահով, այժմ սակագների առումով նաև մրցունակ է»:

Հայաստանում կկառուցվի «Մասրիկ 1» արևային կայանը։ Կառուցման համար նախատեսվում է ներդրողների մրցույթ հայտարարել: Նախապատվությունը կտրվի ավելի ցածր սակագին առաջարկող ընկերությանը: Նմանատիպ ևս հինգ ծրագիր էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի տեղակալ  Հայկ Հարությունյանի սեղանին է: Հարությունյանը վստահ է՝ այս ոլորտն առաջիկայում ագրեսիվ աճ կունենա:

Ի դեպ, անձամբ փոխնախարարն արդեն  օգտվում է  արևային էներգիայից, վստահեցնում է՝ այն եկամտաբեր է, ունի ցածր սակագին: Իսկ արտադրված ավել էլեկտրաէներգիան հնարավոր է վաճառել:

Back to top button