ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր են պահում մեր սահմանները եւ ի՞նչ խաղեր են խաղում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր» Տավուշ-Երեւան

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտումը լրագրողական այցեր էր կազմակերպել Տավուշի մարզի երեք սահմանյին գյուղեր: «Ռադիոլուր»-ի հերթական ռեպորտաժը նվիրված է սահմանամերձ այս բնակավայրի նախազորակոչային տարիքի երեխաներին, վերջին շրջանում ակնհայտորեն ավելացած հիվանդություններին: Տեղեկացնենք, որ այժմ նախազորակոչային ու զորակոչային տարիքում են գտնվում պատերազմի տարիներին ծնված երեխաները, ովքեր մեծացել են ցուրտ ու մութ նկուղներում, կրակոցների, պատերազմի ահի ու սարսափի մեջ:

75-ամյա Սերգեյ Աբգարյանը Բերդի տարածաշրջանի զինվորական բժշիկն է, մասնագիտությամբ վիրաբույժ: Ծնվել, մեծացել է Բերդում, կրթությունը ստանալուց հետո վերադարձել ու շարունակում է հայրենի բնակավայրին ծառայել: Բժիշկը նկատում է՝ տարբեր բնակլիմայական պայմաններում է աշխատել, սակայն, իրենց բնակավայրն ամենախոնավն է, սա էլ իր կնիքը թողել է երեխաների առողջության վրա:

«Էն թվերն էր, որ բոլոր երեխաները պադվալներում են մնացել: Շամշադինը սարսափելի խոնավ տեղ է: Ես Միջին Ասիայում եմ մի հինգ-վեց տարի ապրել, տասը Սանկտ Պետերբուրգում եմ ապրել, բայց էն շորը, որ ես դնում եմ պահարանում, մենակ ստեղծ ա, բորբոսնում, եթե մի քանի օր չես հագնում»:

Նախազորակոչային տարիքի տղաների 25-ից 20-ը մի քանի հիվանդություն ունի՝ հիմնականում սրտային ու նյարդային համակարգերի, հենաշարժողական խնդիրներ ունեն պատանիները: Սա պատահական չէ, մութ ու ցուրտ տարիներին, պատերազմական իրավիճակներում երեխաները մեծացել են նկուղներում, մութ ու խոնավ պայմաններում, ինչի արդյունքն էլ հոդային խնդիրներն են, որով տառապում են երեխաները: Վախն ու ստրեսն էլ նյարդային համակարգի հիվանդությունների պատճառ են դարձել:

«Հայոց բանակ, սակայն, մեկնում են բացառապես առողջ տղաները», -ասում է Բերդի տարածաշրջանի զինկոմի փոխգնդապետ Դերենիկ Պապյանը, ով հիշում է, թե իրենց ինչպես էին հետազոտում: Զրուցակիցս, ի դեպ, նույն այս զինկոմիսարիատից էլ բանակ է զորկաչվել.«Եկել են, ասել են շորդ իջացրու, հանել են նայել են, բան-ման չկա, խելքս տեղն ա, ասել են, դե գնա, իսկ հիմա զինվորին անպայման ստուգման ենք ուղարկում, եթե նույնիսկ մոշ քաղելուց մի փոքր քերծվածք է ստացել, ուղարկում ենք ստուգման»:

Փոխգնդապետ Պապյանն ասում է, որ նախազորակոչային տարիքից մինչև զորակոչային տարիք հասնելը երեխաները պաշտպանության նախարարի հրամանով մանրազնին հետազոտվում են, որպեսզի հնարավորինս առողջ պատանիներ զորակոչվեն: Սահմանամերձ գյուղերում երեխաները զինովրական գիետքլիներ ստանում են անկախ իերնց կամիքից: Ու բոլորորվին էլ պատահակն էչ, որ չորս-հինգ տարեկան տղաների մեծ մասը երազում է զինվորական դառնալ, խրամատ փորել. երեք-չորս տարեկան այս փոքրիկները անգիր գիտեն պետականության արժեքը՝ գուցե ենթագիտակցորեն, երբեմն այս երեխաները նաև երազում են կրակոցներ լսում, ի տարբերություն իրենց շատ ու շատ հասակակիցների, ոչ թե համակարգչով ֆուտբոլ են խաղում կամ մեկ այլ խաղ, այլ ինչպես իրենք են ասում, «պարապում են, որ թուրքերին հնձոտեն»:

«Ես կրակոցից վախենում եմ, երազումս կրակոց եմ տեսել: Պարապեմ, որ թուրքերին հնձոտեմ: Խրամատը կրակոցների համար են, որ զինվորները մտնում են մեջը»:

Սահմանի վրա գտնվող զինվորն ուժեղ է, երբ գիտի, որ թիկունքում գյուղն է, ամեն ինչ պետք է անենք, որ սահմանամերձ գյուղերը չդատարկվեն,- ասում է զինվորական բժիշկ Սերգեյ Աբգարյանն ու առաջարկում, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ունենան իրական արտոնություններ.«Սահմանը պահում են զինվորներն ու տեղացիները: Եթե ինձ հարցնեք, գյուղերը որ դատարկվում են նրանք պետք է ամեն ինչից ազատվեն, բոլոր տեսակի հարկերից տուրքերից, առողջապահականից»:

Նախորդ զորակոչի ընթացքում, ի դեպ, մի սկզբունք է գործել՝ սահմանից սահման չտանել, գարնանային զորակոչի ընթացքում այս սկզբունքը ևս կպահպահնվի:

Back to top button