ԿարևորՔաղաքական

Նրանք կամ լռում, կամ արդարացնում են Ադրբեջանին. նախարար Նալբանդյանը՝ եվրոպացի պատգամավորներին

«Եռանախագահները (Մինսկի խմբի)  բազմիցս կողմերին կոչ են արել զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ, և որ օդանավակայանի բացման հարցը չպետք է քաղաքականացնել: Իսկ ո՞վ է սպառնում: Ադրբեջանը: Ովքե՞ր են քաղաքականացնում: Ադրբեջանը և նրա հորդորներով այս կարգի հայտարարություններ անողները»,- այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան եվրոպացի այն պատգամավորների, ովքեր անհանգստություն էին հայտնել, որ  Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կարող է ազդել բանակցային գործընթացի վրա։

«Եթե այդ պատգամավորները իսկապես անհանգստացած են տարածաշրջանային անվտանգությամբ և կայունությամբ, ապա ինչո՞ւ երբևէ անհանգստություն չեն արտահայտել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության, սադրիչ գործողությունների առնչությամբ։ Ի՞նչ էին ասում այդ նույն պատգամավորները Սաֆարովյան տխրահռչակ գործարքի վերաբերյալ։ Նրանք կամ լռում կամ անգամ արդարացնում էին Ադրբեջանին, երբ ամբողջ աշխարհը միահամուռ դատապարտում էր Բաքվին։ Ինչո՞ւ են այս պատգամավորները այսպես վարվում: Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը թե՛ մենք, ինչպես նաև հենց իրե՛նք շատ լավ գիտեն:

Մեր դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ շատ հստակ է՝ ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և չեն քաղաքականացնում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը։ Ստեփանակերտի օդանավակայանը միայն քաղաքացիական և մարդասիրական նպատակների համար է»,- հայտարարել է նախարար Նալբանդյանը:

Թողնել պատասխան

Back to top button