ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարին հաջողվել է Փարիզում որոշակի հաջողություններ գրանցել. քաղաքագետ

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` ԵԱՀԿ Մինսկի միջնորդների հետ հունվարի 28-ին Փարիզում կայացած հանդիպումն աշխատանքային բնույթ էր կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Հանդիպումը, ըստ քաղաքագետի, կարևոր էր, քանի որ անդրադարձ է կատարվել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման փաստին: Իսկ այդ հարցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը քաղաքագետին հիմք է տալիս ենթադրել, որ արտգործնախարարին հաջողվել է Փարիզում որոշակի հաջողություններ գրանցել:

Նախորդ տարվա իրադարձությունները Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացը փակուղի են մտցրել, ակնհայտ է, որ խնդրի քաղաքական լուծումն առայժմ հնարավոր չէ, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ահա թե ինչու ԵԱՀԿ Միսնկի միջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ փարիզյան հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրել են հումանիտար խնդիրների վրա: Քաղաքագետը հատկապես կարևորում է անդրադարձը` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին:

«Դատելով այն փաստից, որ հանդիպման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շուտով կգործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը, կարելի է ենթադրել, որ այս հարցում որոշակի հաջողություններ ձեռք են բերվել հանդիպման ժամանակ: Այդ մասին խոսեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած հայտարարությունում: Եթե որոշակի հաջողություններ չլինեին, նրանց հաղորդագրությունը չէր կառուցվի այդ հարցի վրա: Անվտանգությունը, իրականում, միայն Հայաստանին պետք չէ: ԱՄՆ-ի համար կանխատեսելիությունը մեր տարածաշրջանում կարևոր է: Դա կարևոր է նաև Ռուսաստանի համար: Այս առումով Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումը համընկնում է, այստեղ զուտ տեխնիկական լուծումներ են պետք` Ադրբեջանին պարտադրելու համար: Կարծում եմ` դրանցից ինչ որ բան գտնվել է, հակառակ դեպքում նախագահն այդպիսի հայտարարությամբ հանդես չէր գա, մանավանդ նախընտրական շրջանում, երբ ցանկացած հայտարարություն մի քանի կոնտեքստում է մեկնաբանվում»:

Գործնականում խոցել քաղաքացիական ինքնաթիռ, կնշանակի պատերազմ հայտարարել հայկական երկու պետություններին, սակայն քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը դրան պատրաստ չէ:
«Ավելի քան վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն այդ քայլին չի գնա: Եթե նա իսկապես պատրաստ լիներ պատերազմի, օդանավակայանի գործարկմանը չէր սպասի, կօգտվեր շատ այլ հնարավոր տարբերակներից: Հետևաբար այդ հայտարարությունները պետք է դիտարկել պոպուլիստական, միգուցե նաև ներքին խնդիրներ լուծելու համար»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ տարվա ընթացքում այսպիսի հայտարարություններն ու սադրանքները ավելի ինտեսիվ բնույթ ստանան: «Տեսնում ենք, որ Ադրբեջանի ներսում բավականին լուրջ սոցիալական դժգոհություններ կան, որոնք բախումների են վերածվում: Տարեվերջին այդ երկրում ընտրություններ են սպասվում: Հասարակությանը միավորելու, իր ոչ ժողովրդավար քաղաքականությունը արդարացնելու համար նախագահին լուրջ փաստարկներ են պետք, իսկ այպիսին կարող է լինել պատերազմի վերսկսման վտանգը: Այս դեպքում հնարավոր կլինի միավորել հասարակությանը` ընդհանուր արտաքին թշնամու դեմ»:

Այս իրավիճակում 2013-ին Ղարաբաղյան խնդրի բանակցություններում տեղաշարժի ակնկալիքներ ունենալ պետք չէ: Բանակցությունների ինտենսիվությունը կնվազի` պայմանավորված նաև Հայաստանում սպասվող ընտրություններով: Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` Մինսկի խմբի համանախագահների առջև լուրջ խնդիր է դրված` վտանգավոր 2013 թվականին պահպանել բանակցային ձևաչափը: Քաղաքագետը դրան ուղղված ևս մեկ քայլ է համարում նաև փարիազյան վերջին հանդիպումը:

Թողնել պատասխան

Back to top button