Հասարակություն

Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 4 մլն փաստաթուղթ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը այսօր ամփոփել է իր գլխավորած կազմակերպության 2012 թվականին իրագործված ծրագրերի արդյունքները և անդրադարձել է մեկնարկած տարվա անելիքներին և խնդիրներին:
Մասնավորապես՝ մեր երկրի գլխավոր արխիվարիուսը ներկայացրել է փաստաթղթերի թվայնացման ընթացքը և արխիվային գործում սպասվող բարեփոխումներին։
Հայաստանի ազգային արխիվը համարձակորեն կարելի է համարել միլիոնատեր՝ այստեղ պահպանվում է մոտ 4 մլն փաստաթուղթ։ Ըստ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի՝ անցյալ տարի իրենց դիմած քաղաքացիների թիվը ավելացել է։

«2012 թվականին արխիվ է դիմել 25.800 քաղաքացի, որը 1800-ով նախորդ տարվա համեմատ ավելի է։ Այսինքն՝ մեծացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր դիմում են արխիվ։ Նրանցից 23 .000-ը ստացել են դրական պատասխան` իրենց կատարած հարցումների վերաբերյալ, իսկ մնացածները` բացասական։ Պատճառը՝  փաստաթղթերի բացակայությունն է, քանի որ 1990-ակաների էներգետիկ ճգնաժամի ժամանակ բավականին փաստաթղթեր ոչնչացվել են հենց հիմնարկներում, բայց ոչ Ազգային արխիվում»,- ասում է Վիրաբյանը։

Անդրադառնալով կատարվող աշխատանքներին՝ մեր երկրի գլխավոր արխիվարիուսը հայտնեց, որ այժմ պահպանման միավորները թվայնացվում են: Թվայնացվում են ինչպես կինոժապավենները, այնպես էլ փաստաթղթերը:

Խորհրդային Հայաստանի  1930- ից մինչև 1989 թվականի պատմությունը ներկայացնող 800 կինոխրոնիկաներից 750-ը թվայնացվել է։

Ըստ Ամատունի Վիրաբյանի՝ թվայնացվում են ոչ միայն վավերագրական և խաղարկային ֆիլմեր, այլեւ անանուն, սակայն արժեքավոր ժապավեններ: Այս տեսանյութերի թվայնացումը նախատեսվում է ավարտել 2014 թվականին:

Դժվարությամբ են ընթանում թղթային կրիչով արխիվային ֆոնդերի թվայնացումը:  Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2011 թվականի մայիսից: Մինչեւ ընթացիկ տարեսկիզբ թվայնացված փաստաթղթերի թիվը հատել է 220 հազարը` պահպանվող ողջ ծավալի 0,05 տոկոսը։

«Եթե 10 տարի շարունակ թվայնացվի 220 հազար փաստաթուղթ, կթվայնացվի ընդամենը փաստաթղթերի կես տոկոսը»։

Իրավիճակը շտկելու ուղղությամբ կառավարության հետ համատեղ քննարկվել է արխիվային գործի բարեփոխումների նոր հայեցակարգը, որը նախատեսում է ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառում, ինչը թույլ կտա պահպանել նորօրյա էլեկտրոնային փաստաթղթերը, ինչպես նաև  հաստատել արդյունավետ կապ մարզային մասնաճյուղերի հետ։

Ազգային արխիվում եղած փաստաթղթերի հիման վրա հրատարակվել է Ցեղասպանությունն ապրած սերնդի հուշերը։ Մինչև 2015 թվականը հրատարակված երկհատոր գրքին կգումարվի ևս 3-ը։

Թողնել պատասխան

Back to top button